Մառնեուլիից քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան օրեր շարունակ կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիքներ է ստանում: Սամիրայի ծնողները, ընկերները, մի շարք քաղաքացիական ակտիվիստներ ու հասարակական կազմակերպություններ կոչ են անում պատկան մարմիններին հետևողական լինել և ապահովել Սամիրայի անվտանգությունը:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Սամիրա Բայրամովան ասում է, որ ամեն ինչ սկսվել է մարտի 14-ից, երբ «Ալտ-ինֆոյի» գրասենյակի պատերին նկարել է Ուկրաինայի և Եվրամիության դրոշները՝ այսպիսով համերաշխություն հայտնելով Ուկրաինային և, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Վրաստանի տեղը Եվրամությունում է։
Բացահայտ պրոռուսական գործունեություն իրականացնող «Ալտ-ինֆոն» ինչպես Վրաստանի այլ շրջաններում, այնպես էլ Մառնեուլիում գրասենյակ է բացել։ Բայրամովայի՝ գրասենյակի պատերը ներկելուց հետո, պրոռուսական ուժերի կողմից սկսել են սպառնալիքներ հնչեցվել, ընդհուպ մինչև մահվան սպառնալիք։
Մառնեուլցի քաղակտիվիստը նշում է՝ «մինչ այս քայլին գնալը, «Ալտ-ինֆոյի»՝ Մառնեուլիում գրասենյակ բացելու հետ կապված դիմել է Վրաստանի կառավարությանն ու անվտանգության ծառայությանը, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկեին նրանց գործողությունները կանխելու կամ էլ գրասենյակը փակելու ուղղությամբ»։
Բայրամովայի խոսքով՝ այն ինչ հիմա կատարվում է, պահպանողական խմբերի ձեռքի գործն է, և այս խմբերի հետևում կանգնած է Ռուսաստանի Դաշնությունը։
«Ռուսաստանի կողմից սա միակ քայլը չէ, նրանք ցանկանում են այստեղ խժդժություններ հրահրել», -ասում է Բայրամովան։
Բայրամովան նաև նշում է, թե լավ իմանալով, որ ինքը ոչ մի կուսակցության կողմնակից և անդամ էլ չէ, այդուհանդերձ, նրան կապում են ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության հետ։ Ըստ նրա՝ դա ևս մեկ պրովոկացիա է նաև այդ կուսակցության հանդեպ.
«Երբ փետրվարի 14-ին նրանք առաջին անգամ հայտվեցին Մառնեուլիում, և իրենց գրասենյակը բացեցին, առաջին հրապարակման մեջ հենց անդրադարձել էին նաև ինձ և իմ գործունեությանը»։
Ավելի ուշ «Ալտ-ինֆոյի» ներկայացուցիչները հավաքվել են ՄԱՇ կուսակցության Մառնեուլիի գրասենյակի մոտ և բանավոր սպառնալիքներ հնչեցրել Բայրամովայի հասցեին՝ նրան ներկայացնելով՝ որպես ՄԱՇ-ի անդամ, և նույնիսկ այդ կուսակցության պատգամավոր, թեև այս կապը Բայրամովան բազմիցս հերքել է:
Հարցին, թե ինչու են իր գործունեությունը կապել ՄԱՇ-ի հետ՝ Բայրամովան պատասխանում է, որ, ինչպես երևում է, այդ խմբերը երկրաժամկետ պրովակացիաներ ունեն նախատեսած, այդ իսկ պատճառով ցանկանում են երրորդ, չորրոդ կողմեր էլ ներքաշել։
Ըստ Բայրամովայի՝ այս ամենը նպատակաուղղված գործունեություն է։
«Ծնողներս այս ամենից նյարդայնացած էին և այսօր դիմել են կառավարությանը՝ իմ անվտանգությունն ապահովելու համար։ Դեռ ոչ մի արձագանք չկա, քանի որ այսօր են դիմել», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Բայրամովան։
Նախորդ օրը՝ Բայրամովայի ծնողները դիմել են Վրաստանի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ), կառավարությանը և այլ պատկան մարմիններին, որպեսզի ապահովեն Բայրամովայի անվտանգությունը: Ծնողներն ուղերձում խնդրում են պաշտպանել իրենց աղջկան:
Բայրամովայի շուրջ ծավալված իրադարձությունները քննարկվել են անգամ խորհրդարանում։ Մասնավորապես, մի շարք իշխանական և ընդդիրմադիր պատգամավորներ՝ Թեոնա Աքուբարդիան, Նինո Ծիլոսանին, Բեքա Դավիթուլիանին և Տարիել Նակաիձեն ՆԳ նախարարին առաջարկել են մանրամասն հետաքննել այս գործը։
Ավելի վաղ մի շարք հասարակական կազմակերպություններ՝ TDI-ը (Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ), Ակտիվացիր ակտիվիզմ (Activate Activism), Արդար ընտրություններ (ISFED), Թբիլիսիի մարդու իրավունքների պաշտպանության տունը (HRHT), Tbilisi pride, ինչպես նաև մի շարք քաղաքացիական ակտիվիստներ Բայրամովային աջակցող հայտարարություններ էին արել։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, արձագանքելով Բայրամովայի դեմ հնչող սպառնալիքների փաստին, ասել էր, որ «Սամիրա Բայրամովայի գործով՝ 151-րդ հոդվածով գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն, ցուցմունքներ են տվել և գործի ընթացքին կհետևենք մինչև վերջ»։
«Ալտ-ինֆոյի» գործունեության վերաբերյալ Բայրամովան հավելում է՝ այսպիսի խմբերի միակ նպատակը էթնիկ փոքրամասնությունների միջև և կրոնական հարցերով խնդիրներ ստեղծելն է։
«Մենք պայքարելու ենք այսպիսի խմբերի դեմ։ Մենք պետք է միասին լինենք։ Նրանք մեր պետականության համար վտանգ են ներկայացնուն»։
Վրաստանում գործող «Ալտ-ինֆո» կուսակցության հիմնական նպատակներից է համարվում Ռուսաստանի հետ «ուղիղ, անվերապահ» երկխոսությունը՝ Վրաստանի եվրատլանտյան նկրտումներից հրաժարվելու դիմաց։ Հայտնի է նաև փոքրամասնությունների ներկայացուցիչների գործունեությունը սահմանափակելու նրանց ծրագրի մասին։ Հստակ ռուսամետ քաղաքական կուսակցությունը միշտ պնդում է, որ իրականում ոչ թե ռուսամետ, այլ ազգային, վրացամետ քաղաքական ուժ է։ Կուսակցությունը նախատեսում էր Վրաստանի մասշտաբով 85 գրասենյակ բացել:
Ընգծենք, որ վերջին շրջանում, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին, Վրաստանի տարբեր քաղաքներում (Մեստիայում, Խուլոյում, Շուախևիում և այլն) «Ալտ-ինֆոն» գրասենյակներ է բացում: Քաղաքացիները տարբեր ձևերով բողոքել են գրասենյակների բացման դեմ, իսկ որոշ դեպքերում պահպանողական շարժման անդամները ստիպված են եղել լքել գրասենյակային տարածքները և փակել դրանք: