
Այսօր Վրաստանի խորհրդարանը անդրադառնում է մարիխուանայի օգտագործմանն ու տարածմանն առնչվող պատժամիջոցները խստացնելու մասին օրինագծին։
Օրենքի փոփոխված տարբերակի համաձայն, ցանկացած վայրում, բացի բնակարանից, մարիխուանայի օգտագործումը խիստ կպատժվի: Խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Գուրամ Մակարաշվիլին ասել է, որ պատժամիջոցները խիստ են լինելու:
Այդ թվում կխստանա նաև թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու և մինչև 21 տարեկան քաղաքացու կողմից մարիխուանայի օգտագործման համար նախատեսված պատիժը: Ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել փոփոխություններին:
«Կառավարությունը նման մոտեցում չունի թմրանյութային քաղաքականության հանդեպ, սա արվում է նախընտրական քաոս առաջացնելու նպատակով», — ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցիրիձեն: