«Մարիոնետների վարպետ. նախկին ռուս օլիգարխ, որ 10 տարի մանևրում է վրացական քաղաքականությունում». այս վերտառությամբ հոդված է հրապարակել իտալական linkiesta պարբերականը:
Հոդվածում խոսվում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պարվավոր նախագահ և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի մասին, այդ թվում՝ ինչպես է նա հարստություն կուտակել Ռուսաստանում, ինչու է եկել վրացական քաղաքականություն և ինչու է անցյալ տարի վերադարձել որպես «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ։
Հոդվածում մեջբերվում են սպանված ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու խոսքերը. վերջինս ասել է, որ Իվանիշվիլին միշտ գործել է Ռուսաստանի կառավարության սահմանած կանոններով, կիսել նրանց արժեքները։
«Իվանիշվիլին հարստությունը դիզել է Մոսկվայում՝ դառնալով Վրաստանի ամենահարուստ մարդը: Երբ նա հայտնի դարձավ Արևմուտքին, շեշտը դրվեց ոչ թե Կրեմլի հետ նրա կապերի, այլ ստեղծագործական բնույթի և հովանավորչության վրա: Բորիս Բերեզովսկին, սակայն այն ժամանակ լրատվամիջոցներին ասել էր, որ Իվանիշվիլին «մարդ է, ով ենթարկվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից սահմանված կանոններին», և որ Իվանիշվիլին երբեք որևէ դժվարության չի հանդիպել Ռուսաստանի Դաշնությունում իր բիզնեսը վարելիս»,- գրել է linkiesta-ն: