Մարիամ Ծիծիկաշվիլիի կալանքը հաշվեհարդար է. GRASS

«Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան» (GRASS) արձագանքել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում իշխանական պատգամավոր, «գործակալների օրենքի» աջակից Վիկտոր Ջափարիձեի հետ վիճաբանությունից հետո քաղաքացի Մարիամ Ծիծիկաշվիլիի ձերբակալությանը։

Հասարակական կազմակերպությունը նշել է, որ պատգամավորի նկատմամբ իր գործունեության պատճառով քաղաքացու արտահայտած դժգոհությունը որպես մանր խուլիգանություն մեկնաբանելը ոտնահարում է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, և դա «հերթական քայլ է դեպի աճող ավտորիտարիզմ»։ Ըստ ՀԿ-ի՝ պատգամավորն ինքն է խախտել խորհրդարանի էթիկայի կանոնագրքով սահմանված պահանջները, և նրա արարքը ազգամիջյան անհանդուրժողականություն է հարուցում։

Տեսանյութից պարզ է դառնում, որ պատգամավորը խտրական բառապաշար է օգտագործում Մարիամ Ծիծիկաշվիլիի նկատմամբ՝ վերջինիս .«ներգաղթյալ մոր զավակ և մայրական կողմից օս» անվանելով:

Ըստ GRASS-ի՝ Ծիծիկաշվիլիի կալանքը հաշվեհարդար է: Կազմակերպությունը նշում է, որ Ծիծիկաշվիլիին չեն ձերբակալել, սակայն սահմանափակվել է նրա ազատ տեղաշարժի իրավունքը։ Ավելին, Մարիամին ուղեկցողին՝ միջադեպին չմասնակցած Իրինա Գուրգենաշվիլիին նույնպես թույլ չեն տվել ինքնաթիռ նստել:

Կազմակերպության տվյալներով, նախատեսում են դիմել դատարան՝ պատճառված վնասի հատուցման համար, դիմում են նաև Վրաստանի խորհրդարանի էթիկայի խորհրդին՝ պարզելու համար պատգամավորի կողմից Էթիկայի կանոնագրքի պահանջների խախտումը, և Հանրային պաշտպանին՝ արտահայտելու միջադեպի առնչությամբ դիրքորոշում։

Ծիծիկաշվիլին, որ GRASS հասարակական կազմակերպության աշխատակից է և «Փաստ-մետր» ապատեղեկատվությունների ստուգման ուղղությամբ աշխատող ծրագրի խմբագիրն է, նշել է, որ հունիսի 9-ին, հակաարևմտյան «Ժողովրդի ուժի» շարժման պատգամավոր Վիկտոր Ջափարիձեի հետ վիճաբանությունից հետո, ոստիկանությունը ձերբակալել է իրեն։

«Ֆեյսբուքում» նա տեսագրություն է տարածել և գրել, որ իր անձնագիրն առգրավել են, իսկ իրեն ուղեկցող ընկերոջը նույնպես թույլ չեն տվել ինքնաթիռ նստել։