
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իշխող կուսակցությանը կոչ է անում ընդդիմության հետ երկխոսություններ վարել: Այս մասին Վրաստանի գործող և նորընտիր նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշաշվիլին:
Նրա խոսքով, բանակցություններ պետք է ծավալվեն ընդդիմության պահանջների շուրջ և Մարգվելաշվիլին պատրաստ է ներգրավվել այս գործընթացում: Աբաշաշվիլին չի մանրամասնել, թե արդյո՞ք Մարգվելաշվիլին ևս կմասնակցի երկխոսությանը:
Հիշեցնենք, որ միավորված ընդդիմության նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն կառավարությանն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել և միասին դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից։ Իշխող կուսակցությանը պատասխան տալու համար ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 16-ը, որից հետո՝ կախված իշխող թիմի պատասխանից, պարզ կդառնան ընդդիմության հետագա քայլերը: