Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին արդեն հանդիպել է Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, նա հայտնել է, որ ցանկանում է հանդիպել նաև Գորիի զինվորական հոսպիտալում գտնվող Վրաստանի 3-րդ նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին։
Ներկա ու նախկին նախագահները հանդիպմանը քննարկել են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց ի պատասխան նախագահի ձեռնարկած միջոցները, ինչին նախկին նախագահը հավանություն է տվել։
«Այսօր ես պաշտոնապես դիմել եմ համապատասխան կառույցներին՝ Միխեյիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման հնարավորություն ստանալու համար, սակայն ինքս էլ տեղյակ եմ, որ նախկին նախագահը քրեակատարողական հիմնարկում իր կոլեգային հանդիպելու իրավունք չունի», — ասել է Մարգվելաշվիլին։
Նրա խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից նախաձեռնված հաշտեցման գործընթացում Միխեյիլ Սաակաշվիլիի դերը խիստ կարևոր է, քանի որ «նա ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, բացի այդ պարտադիր է նրա ներգրավվածությունը, եթե ցանկանում ենք այս գործընթացը հաջող ընթացք ունենա»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Միխեիլ Սաակաշվիլին նամակով պատասխանել էր Սալոմե Զուրաբիշվիլիի՝ համազգային երկխոսություն սկսելու մասին հայտարարությանը և առաջարկել Գորիի զինվորական հոսպիտալում Գիորգի Մարգվելաշվիլիի հետ առաջին հանդիպումը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր