Մենք կոչ ենք անում Եվրոպական խորհրդին խորհրդակցություններ անցկացնել Վրաստանի իշխանությունների հետ՝ մարդու իրավունքները խախտող անձանց ցուցակը կազմելու և նրանց դեմ արդյունավետ ու նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանելու նպատակով, interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միկսերը։
Միկսերն այս հայտարարությունն արել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության վերաբերյալ Եվրախորհրդարանում կայացած իր ելույթում:
Նա պահանջել է պատժել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինտուրիի սպանության համար պատասխանատուներին և պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ։
«Այն օրը, երբ նրա երկիրը Եվրամիության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ երաշխավորագիր էր ստանում, ռուսական ուժերի կողմից Վրաստանից զավթված տարածքի վարչական սահմանին սպանեցին Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին։ Թեև սպանությունը հատկապես դաժան և բռնի էր, դա պատահական գործողություն չէր, քանի որ Ռուսաստանը ագրեսիա է սկսել Վրաստանի դեմ և 2008 թվականին օկուպացրել է վրացական տարածքների մի մասը, և նմանատիպ միջադեպերը չեն դադարում»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
Նա վերահաստատել է՝ Եվրամիությունը միշտ աջակցել և աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. «Մենք պահանջում ենք դադարեցնել օկուպացումը և վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: