«Ո՛չ միլիցիային» արշավի մասին
Վրաստանում վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հարթակում, ցույցերի միջոցով, ինչպես նաև սոցիալական ցանցերում ակտիվորեն քննադատվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության համակարգը՝ սոցցանցերում տարածված տեսանյութից հետո, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները Թբիլիսիի մետրոյում ծեծի ենթարկում հաշմանդամություն ունեցող անչափահասին՝ Լևոն Համբարձումովին:
Տարածված տեսանյութից հետո «Ո՛չ ոստիկանությանը» խորագրով արշավ է մեկնարկել տարբեր հարթակներում: Թբիլիսիում նախորդ օրերին արդեն երկու ցույց է կազմակերպվել ՆԳՆ-ի, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության շենքերի մոտ: Ցուցարարները վանկարկում են «Ո՛չ միլիցիային», «Ո՛չ բռնությանը»:
Տեսանյութի մասին
Հունվարի 24-ին TV Pirveli-ն հրապարակեց կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում ոստիկանը ծեծում քաղաքացուն։ Կադրերում լսվում է նաև, որ ոստիկանին ասում են քաղաքացու հաշմանդամություն ունենալու մասին` խուլ ու համր է:
«Սա՞ է խուլ ու համր: Հիմա խոսեցնեմ», — ի պատասխան ասում է ոստիկանն ու ֆիզիկական բռնություն գործադրում քաղաքացու վրա։
Կադրերում երևում է, որ մոտակայքում կանգնած է մեկ այլ ոստիկան, սակայն չի միջամտում գործընկերոջ գործողություններին։ Շարժասանդուղքով բարձրանալուց հետո ոստիկաններն անչափահասին տանում են ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ անչափահասի դիմադրությանն ի պատասխան սկսում են հարվածել նրան:
Տեսանյութը նկարահանվել է ծեծի ենթարկված անչափահասի՝ Լևոն Համբարձումովը ընկերոջ՝ Գիորգի Ջոջիաշվիլիի կողմից: Վեջինս նաև «Ֆորմուլա» հեռուստաալիքի եթերում արձագանքել էր տեսանյութը տարածելու համար սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատություններին ու նշել, որ այդպիսով ընկերոջն աջակցել է, ցույց տվել, որ պետք է պայքարել: Ջոջիաշվիլին պատմել է նաև տեղի ունեցածի մասին:
«Մետրոյից օգտվելու հատուկ քարտ՝ «Մետրոման» չունեինք, ցատկեցինքանցման հանգույցի վրայով: Ընկերս՝ Լևոնը, նստեց շարժասանդուղքի հենարանին: Վերևում գտնվող ոստիկանը նրան կոչ արեց իջնել ներքև: Մենք էլ ասացինք, որ իջնի: Պարզվում է, այդ ոստիկանը տեղի ունեցածի մասին արդեն տեղեկացրել էր մետրոյի ներքևի հատվածում գտնվող ոստիկաններին: Նրանք մեզ տեսնելուն պես ուղղորդեցին դեպի ելք, մենք էլ՝ ենթարկվեցինք: Հետո բռնեց մեր ընկերոջը, ասացինք, որ համր է, եթե ինչ-որ հարց ունեք՝ կբացատրենք: Նրանք էլ մտածեցին, թե ստում ենք: Տեսանյութում լսվում է նրանց պատասխանը՝ «մենք հիմա կխոսեցնենք»: Հետո արդեն ինքներդ տեսաք, թե ինչ մեթոդներով էին խոսեցնում»։
Լևոն Համբարձումովի մասին
Հայտնի է, որ հաշմանդամություն ունեցող անչափահասն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում, սոցիալապես անապահով ընտանիքում: Ընտանիքը հնարավորություն չունի փաստաբան վարձել տղայի գործով: Քաղաքացիական հասարակությունն իր աջակցությունն է հայտնել, այս փուլում քննարկվում է, թե որ ընկերությունն է զբաղվելու գործով:
Նշենք, որ մետրոյում հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ձերբակալվել են երկու ոստիկաններ՝ Նուկրի Բաքրաձեն և Կախա Բակաշվիլին։
Կարդացեք նաև՝