Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքիի նախընտրական շտաբի վրա հարձակման հետևանքով 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք պնդում են, թե իրենց վրա հարձակվել են մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի գլխավորությամբ՝ մոտ երկու տասնյակ անձ:
Շտաբի ղեկավար Աշոտ Ռայիսյանը, ով այժմ հիվանդանոցում է, հայտարարել է, որ շտաբ են մտել Մարտուն Մկոյանը, նրա որդին, եղբոր որդիներն ու ծեծի են ենթարկել աշխատակիցներին: Ռայիսյանի խոսքով՝ 5-6 աշխատակիցներին ծեծի է ենթարկել մոտ 40 հոգի:
Այլ միջադեպ է տեղի ունեցել նաև 12:10-ին, Խոսպիո գյուղի մոտակայքում: Շրջանային հանձնաժողովի անդամ Միխեիլ Ագաբաբյանի ավտոմեքենան շրջապատել են ու ծեծի ենթարկել նրան: Նշվում է, որ մոտ երկու տասնյակ մարդ է եղել:
Jnews լրատվականը չի կարողացել կապվել Հենզել Մկոյանի հետ, սակայն խոսել է պատգամավորի եղբոր՝ Մարտուն Մկոյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ ծեծկռտուքը Մկոյաններին պատկանող բենզալցակայանում ընդդիմադիրների սադրանքների արդյունքն է:
«Նրանք պաստառներ են պոկել, հայհոյել, այդ պատճառով էլ սկսվել է ծեծկռտուքը: Ամեն ինչ նկարահանված է: 2:30-ին նրանք բենզալցակայան էին եկել ու սպառնացել, որ կայրեն այն: Հենց Ագաբաբյանն է պաստառներ պոկել, նրա հետ են եղել նաև Ռայիսյանի որդին ու նրա երկու ընկերները», — հայտարարել է պատգամավորի եղբայրը:
Մարտուն Մկոյանը նաև պնդում է, թե ծեծկռտուքի ժամանակ Հենզել Մկոյանը ներկա չի եղել:
Թեմայի շուրջ արդեն հայտարարություն են արել նաև Թբիլիսիում: «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի պետ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ այս ամենը արվել է ընտրությունները կեղծելու համար: Նա նաև դիմել է ՆԳՆ-ին՝ ձերբակալել Մարտուն Մկոյանին: Վաշաձեն հայտնել է, թե ուղևորվում է Ախալքալաքի։