
Վրաստանի Կրթության գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին անդրադարձել է վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությանը, որի համաձայն 2022 թվականին կրթության ֆինանսավորմանը կհատկացվի երկրի բյուջեի քառորդ մասը:
Բատիաշվիլիի հավաստմամբ, կբարելավվեն ուսումնական պարագաները, մանկավարժների պայմանները, կավելանա նաև մանկավարժների աշխատավարձը:
«Աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ մանրամասն ծրագիր է մշակվում, որը կներկայացնենք մայիսին: Տեղեկացնեմ, որ դպրոցաշինության ուղղությամբ ևս կեռապատկվի բյուջեն»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով զգալիորեն կավելանա բուհերին հատկացվող և ընդհանրապես գիտության ոլորտի ֆինանսավորումը: Նախարարի խոսքով, կրթության ոլորտում այս կարգի ֆինանսավորման արդյունքում Վրաստանը կհայտնվի այնպիսի առաջատար երկրների թվում, ինչպիսին Կորեան, Ֆինլանդիան ու Սինգապուրն են: