Մանկավարժի և աշակերտի դերը չգնահատող պետությունն ապագա չունի. Բախտաձե

«Այն պետությունը, որը չի գնահատում մանկավարժի և աշակերտի դերը, ոչ միայն ապագա չի ունենա, այլ հնարավոր է, սեփական անցյալը կորցնի»,- այս մասին պետական արարողությունների պալատում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Պալատում այսօր մեկնարկել է «Ուսուցիչ՝ ուղեցույց դեպի Եվրոպա» խորագրով միջոցառումը:

«Մանկավարժների աշխատավարձը Վրաստանում միջին աշխատավարձից ցածր է և սա շատ վատ է: Ինչպես հիշում եք այս օրերին խորհրդարանում քննարկվում է կրթության բարեփոխման մասին իմ ազգային գաղափարի նախաձեռնությունը, որի համաձայն մեր ՀՆԱ-ի 6 տոկոսը, այսինքն բյուջեի մեկ չորրորդը ուղղելու ենք կրթական ոլորտին: Սա հաջորդ տասնամյակների ընթացքում ցանկացած կառավարության համար պարտադիր կլինի: Նպատակներից մեկը, բնական է, այն է, որ մանկավարժությունը, որպես մասնագիտություն Վրաստանում լինի գնահատված և հեղինակավոր»,- հայտարարել է վարչապետը:

Բախտաձեն, խոսքը ավարտել է կոչ անելով բոլորին համախմբվել ազգային գաղափարի շուրջ: Վարչապետի համոզմամբ, Վրաստանի հաջողության միակ գրավականը կրթության մեջ է: