
Վրաստանի սննդի ազգային գործակալությունը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել երկրի մանկապարտեզներում և դպրոցներում գործող հանրային սննդի կետերում: Ստուգվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հանրակրթական հաստատությունները:
Գործակալության տվյալներով, 2020 թվականին մանկապարտեզների սննդի կետերում (բուֆետներում և խոհանոցներում) արդեն իրականացվել է մինչև 800, իսկ դպրոցներում մինչև 70 ստուգում: Արդյունքում արձանագրվել է 24 խախտում՝ կապված սննդամթերքի որակի, անվտանգության ու սանիտարահիգիենիկ վիճակի հետ: Ծառայության տեսուչները օրենքով սահմանված միջոցառումներ են անցկացրել՝ խորհրդատվություններ տալով կրթական հաստատություններին:
Սննդի ազգային գործակալության փոխտնօրեն Վասիլ Բասիլաձեն հայտարարել է, որ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում սննդի կետերի ստուգումը առաջնահերթություն է, և ընթացիկ տարվա ընթացքում ստուգվող հաստատությունների թիվը կաճի: