Թբիլիսիի քաղաքապետարանը արագ չփչացող ապրանք կբաժանի նախակրթարաններում երեխաներ ունեցող ընտանիքներին:
Այս մասին այսօր հայտնեց քաղաքապետ Կախա Կալաձեն:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով մարտի 2-ին որոշում էր կայացվել նախ ժամկետից շուտ արձակուրդ հայտարարել, ապա երկարաձգել այն մինչև ապրիլ:
«Հաշվի ենք առել ստեղծված իրավիճակը, նաև գիտեք, որ մեր նախակրթարանները ոչ միայն կրթական, այլև սոցիալական ֆունկցիա են կատարում, և ցավոք, շատ ընտանիքների համար երեխային մանկապարտեզ ուղարկելը կարևոր է ոչ միայն կրթության տեսանկյունից, այլ նաև լիարժեք սնունդ ընդունելու: Այս իրավիճակում, երբ իմունային համակարգը առավել քան կարևոր է վարակի դեմ պայքարելու համար, ոչ մի երեխա չի մնա առանց իր բաժին սնունդի», — ասել է Կալաձեն:
Կալաձեն ասել է նաև, որ կամավորները 14 օրը մեկ անգամ սնունդը հասցնելու են ընտանիքներ: Սննդի պարունակությունը համաձայնեցվել է դիետոլոգների հետ: Քաղաքապետը վստահեցրել է, որ հիգիենայի և անվտանգության կանոնները՝ փաթեթավորելու ընթացքում խստագույնս պահվելու են:
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր նաև սոցիալապես անապահով անձանց համար գործող անվճար ճաշարանների աշխատանքային ռեժիմի փոփոխության մասին: Մարտի 16-ից նշված ճաշարաններում սնվողները ստիպված կլինեն սնունդը տուն տանել: Տարեցներին ու խրոնիկ հիվանդներին սնունդը կհասցնեն կամավորները:
Մարտի 15-ի դրությամբ Վրաստանում վարակի 30 հաստատված դեպք կա: Կարանտինում 439 մարդ, 64-ը ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է:
Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատառեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները: