«Մանդատների առևտրի մեջ մենք չենք մտնի»,- այսպես է անդրադարձել «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությանը, որի համաձայն, եթե ընդդիմությունը չվերադառնա բանակցությունների սեղան, ապա սա հստակ ազդանշան կլինի, որ ընդդիմությունը ապակառուցողական է և աջակցում է երկրում անկայունությանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում է հայտնել Վաշաձեն, ընդդիմությունը մինչև հաղթանակը միասնական կլինի, իսկ գործողությունների ծրագիրը ապրիլի 4-ին նախատեսված մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացնեն:
«Մեր խաղաղ, ոչ բռնի բողոքը կշարունակվի, քանի որ նժարին դրված է Վրաստանի ապագան: Մենք չենք պատրաստվում ոչ մի քայլ ետ գնալ: Ապրիլի 4-ին բոլորս հավաքվում ենք Ռուսթավելիի պողոտայում, որտեղ ընդդիմությունը կհայտարարի գործողությունների ծրագիրը ընտրություններին մասնակցելու համար: Այդ ակցիային պետք է գան բոլորը, ում կոկորդին է հասել գործազրկությունը, սոցիալական վիճակը, ժողովրդավարական վիճակը և դատավորները, որոնք ոչ մի արժեք չունեն»,- հայտարարել է Վաշաձեն:
Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանին վերադառնալուն, Վաշաձեն հայտարարել է, որ հնարավոր չէ գնալ բանակցությունների, երբ մի ձեռքով բանակցում են, մյուսով՝ բռնում:
Հիշեցնենք, Վրաստանի իշխանությունը ընդդիմությանը առաջարկում էր ընտրական համակարգում փոփոխություններ կատարել՝ 77 համամասնական մանդատների քանակը ավելացնելով հասցնել մինչև 100-ի, իսկ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ հասցնելով 50-ի, սակայն ընդդիմությունը դեմ է այս առաջարկին: Փետրվարի 10-ին Վրաստանի գերագույն դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Գիգի Ուգուլավային ավելի քան 3 տարվա ազատազրկման դատապարտել, ինչից հետո որպես բողոքի նշան ընդդիմությունը լքեց իշխանության հետ բանակցությունների սեղանը: