«Լելոն՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մամուկա Խազարաձեն պատրաստվում է այցելել քրեակատարողական հիմնարկ ու հանդիպել Նիկա Մելիային։
Նրա խոսքով՝ պատրաստվում է հորդորել Մելիային ընդունել Եվրամիության կողմից առաջարկած գրավը, քննարկելու է նաև խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը:
«Մոտակա օրերին պատրաստվում եմ այցելել Մելիային, փորձելու եմ հորդորել համաձայնել ԵՄ-ի կողմից գրավ վճարելուն, ինչն աննախադեպ իրադարձություն է: ԵՄ-ն ու դրա հիմնադրամները հանցագործության մեջ մեղադրվողների համար գրավ չեն վճարում: Այդ պատճառով՝ նա պետք է օգտագործի այս հնարավորությունը: Մյուս հարցը, որի մասին ուզում եմ խոսել՝ խորհրդարանական հետաքննական հանձնաժողով ստեղծելն է: Այստեղ մեծ դեբատներ են ծավալվում համաներման հետ կապված: Այս համաներման օրենքի հարցը բարձրացվել էր ի սկզբանե Մելիային ազատ արձակելու նպատակով, սակայն իշխող կուսակցությունը փորձում է այն կիրառել չբացահայտված կամ պահարաններում կուտակված հանցագործությունների համար: Որպես գործողություն՝ համաներման կողմնակից եմ, սակայն պետք է իմանանք՝ ում ենք ներում ու ինչի համար»,- ասել է Մամուկա Խազարաձեն։
Նշենք, որ օրեր առաջ ԵՄ-ն ընդդիմությանն ու իշխանություններին հաշտեցնող համաձայնագրի կետերից մեկի՝ Մելիայի ազատ արձակման հետ կապված առաջարկել էր վերջինիս գրավը վճարել: