Թբիլիսիի բնակիչ Լիկա Տագանաշվիլին կես տարի առաջ բնակարան է ձեռք բերել Վարկեթիլի թաղամասում: Կառուցողն «Alpha Development» շինարարական ընկերությունն է:
Նորակառույցի խնդիրները սկսվել են ջեռուցումից հետո: Պատերն ու պատուհանները խոնավացել, մամռակալել են: Նույն վիճակն է բոլոր սենյակներում, նույնիսկ լոգարանում: Բնակչուհու խոսքով՝ անտանելի է հատկապես մանկական ննջարանը: Այն այս պահին ուղղակի փակ է, քանի որ երեխայի առողջության համար վտանգավոր է նման պայմաններում քնելը:
Լիկան ասում է, որ բազմիցս փորձել է կապվել շինարարի հետ, նրա բոլոր խնդրանքները ընկերության կողմից մերժվել են, զանգերն անպատասխան են մնացել, ֆեյսբուքյան էջում նրա գրառումները ջնջվել են և արգելափակել:
Բնակիչների դիմումին ի պատասխան՝ քաղաքապետարանից ասել են, որ բնակարանի պատուհանները տեղադրվել են առանց ստանդարտներին համաձայնեցնելու: Սեփականատերերն անկախ փորձաքննություն են պատվիրել, որի եզրակացությունը հետևյալն է՝ պատերը չափազանց բարակ են:
Վարկեթելիի թաղամասում «Alpha Development» մեծ համալիրի շինարարություն է սկսել, 21 բնակարան է կառուցվելու, առայժմ շահագործման է հանձնվել միայն 6-ը: Հայտնի է, որ նույն շենքում այլ բնակարաններ ևս ունեն նման խնդիրներ: Շինարարական ընկերությունից որևէ մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն էին:
Բնակարանը՝ հիփոթեքով և վերանորոգման ծախսերով՝ արժեցել է 150.000 լարի:
Լիկա Տագանաշվիլին ասում է, որ եթե կազմակերպությունը չարձագանքի, կդիմի դատարան, քանի որ իրեն վաճառել են անորակ շինանյութով ու ստանդարտներին ոչ համապատասխան շինարարությամբ բնակարան: