Մակրոնը հեռախոսազրույց է ունցել Իվանիշվիլիի հետ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտնում է, որ նախկին վարչապետ, կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

«Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այս իրավիճակի լիակատար կարգավորման գործում», — դեկտեմբերի 11-ին հրապարակված հաղորդագրության մեջ գրել է «Վրացական երազանք»-ը:

Հաղորդագրության համաձայն, «Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար՝ ողջունելով համատեղ ջանքերի գաղափարը»: Ըստ կուսակցության՝ զրույցը տևել է մեկ ժամ, «Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ հաջորդ օրերին կրկին կապի մեջ կլինեն, կգնահատեն ձեռք բերված առաջընթացը»։

Ելիսեյան պալատն ավելի ուշ տարածած հայտարարությունում նշել է. «Նախագահն իր նախաձեռնությամբ զրուցել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Նա դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումը, ինչպես նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ իրավապահների բռնությունները։ Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին, հարգել խոսքի և հավաքների ազատությունը»:

Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Մակրոնը «ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնել, որ Վրաստանը շեղվել է իր եվրոպական ուղեծրից՝ համոզմունք հայտնելով, որ ընտրված կողմնորոշումը միանշանակ կազդի Եվրամիություն-Վրաստանի հարաբերությունների վրա»։

«Նա հանդես է եկել բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ներառական երկխոսության կոչով՝ հարգելով վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական նկրտումները, ինչը ևս մեկ անգամ ողջունել է»,- նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:

Վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ «Վրացական երազանք»-ը տեղեկատվություն է հրապարակում համաշխարհային առաջնորդների հետ Իվանիշվիլիի շփման մասին։

Իվանիշվիլին որոշ ժամանակ հրաժարվում էր հանդիպել եվրոպացի ու ամերիկացի քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, պատճառը «ֆինանսական շանտաժն» էր և «գլոբալ պատերազմի կուսակցության» ազդեցությունը։

Մակրոնի և Իվանիշվիլիի հեռախոսազրույցից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, Փարիզում՝ Աստվածամոր տաճարի բացման շրջանակներում, նախագահ Մակրոնն ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին. վերջինս դեմ է «Վրացական երազանք»-ին և Իվանիշվիլիին: Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և հազարավոր քաղաքացիներ չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Նույն այցի շրջանակներում նախագահ Զուրաբիշվիլին զրուցել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Միջազգային թափանցիկություն – Վրաստան»-ի փոխանցմամբ՝ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի և Ֆրանսիայի երկքաղաքացի է։ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա ընտանիքը Ֆրանսիայում անշարժ գույք ունի։