Make love not war. Կարիշոկ Դուլյանի ցուցահանդեսը Թբիլիսիում

Թբիլիսյան շենքեր, բակեր ու կոլորիտային պատուհաններ, իսկ պատուհաններից այն կողմ՝ սիրով զբաղվող զույգեր: Գեղանկարչուհի Կարիշոկ Դուլյանի անհատական՝ Make love not war խորագրով ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ Թբիլիսիում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, Թբիլիսիի Ազգային գրադարանում:

Կարինե Դուլյանի ոգեշնչման աղբյուրներից մեկը Թիֆլիսն է ու Թիֆլիսի փողոցների, բակերի՝իր ու այլ անձանց հեղինակած լուսանկարները:

«Այն ինչ կատարվում է բակում, հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին են մարդիկ իրականում»,- ասում է երևանաբնակ նկարչուհի Կարիշոկ (Կարինե) Դուլյանը, ով տարիներ շարոնակ ճարտարապետություն, արվեստ ու քաղաքաշինություն ուսումնասիրելուց ու այս ոլորտում  աշխատելուց հետո, կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում վերջնականապես որոշել է՝ «կյանքը մեկն է, պետք է զբաղվել նրանով, ինչ սիրում ես» ու սկսել է նկարել: Երեք տարվա ընթացքում Կարիշոկն արդեն հարյուրավոր նկարներ է հեղինակել ու հասցրել է հինգ անհատական ցուցահանդես ունենալ ԱՄՆ-ում, Երևանում ու Թբիլիսիում: Նա գտնում է, որ Թբիլիսին ու Երևանն իրենց կոլորիտային բակերով նման են իրար, ինչն էլ արտացոլում է իր գործերում:

Վերջին տարիների պատերազմները Կարիշոկին ստիպել են մտահոգվել մարդկության էության ու ագրեսիայի ֆոնին՝ սիրո պակասի մասին.

«Կա մարդանման կապիկների տեսակ, որոնցից ամենաուշն ենք առանձնացել: Նրանք փոխանակ առաջին հերթին կռվեն՝ սիրով են զբաղվում ու նրանց հարցերը միանգամից լուծվում են՝ առանց կոնֆլիկտի: Ես կուզեի մարդիկ մի փոքր ավելի շատ զբաղվեին սիրով՝ քան կռվով»,- հենց այս պատճառով էլ, Make love not war գաղափարախոսությունը գեղանկարչուհին տարածում է շենքերի ֆասադների նկարներով, որոնց պատուհաններում մարդիկ սիրով են զբաղվում:

Բացի շենքերից, Կարիշոկը թբիլիսյան ցուցահանդեսին ներկայացրել է նաև իր հեղինակած պեյզաժները, որոնք հիմնականում հորինված են: Այս նկարներից մեկը, ի դեպ, «Մենակ չես» խորագրով կտավը, Կարիշոկի համար ամենահոգեհարազատն է: