Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ոչ լեգիտիմ կառավարության նոր արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին դեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորությունները», — հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել թուրք և ադրբեջանցի գործընկերներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ֆիդանն ու Բայրամովը շնորհավորել են Բոճորիշվիլիին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հարաբերությունների հետագա խորացման հույս հայտնելով:
Նոյեմբերի 28-ին լեգիտիմություն չստացած խորհրդարանը հաստատել է Վրաստանի կառավարության նոր կազմը, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահն ու ընդդիմադիր կուսակցությունները։
Իլիա Դարչիաշվիլիին փոխարինած Բոճորիշվիլին պաշտոնապես իր լիազորությունների կատարմանն անցել է դեկտեմբերի 1-ից։