ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում Կախա Իմնաձեին կփոխարինի Դավիթ Բաքրաձեն։ Իմնաձեն այսուհետ կզբաղեցնի Կանադայում Վրաստանի դեսպանի պաշտոնը։
Կախա Իմնաձեն ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի հուլիսից։
«Ես հպարտությամբ եմ հեռանում Նյու Յորքից՝ ՄԱԿ-ում Վրաստանի ունեցած ներդրման համար։ Հաջողություն եմ մաղթում փոխարինողիս՝ Դավիթ Բաքրաձեին։
Անհամբեր սպասում եմ պարտականություններիս կատարմանն Օտտավայում, որտեղ կշարունակեմ հարգելի Կոնստանտին Քավթարաձեի սկսած աշխատանքը՝ Վրաստան-Կանադա բարեկամության և համագործակցության խորացման ուղղությամբ»,- գրել է Իմնաձեն իր թվիթերյան էջում։
Նշենք, որ ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի տարեկան պաշտոնական աշխատավարձը կազմում է 138 հազար դոլար, ինչը Վրաստանի դիվանագիտական ծառայության ամենաբարձր աշխատավարձն է։