«Պետությունը պարտավոր է անհապաղ ապահովել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում՝ իրավասու պետական մոնիթորինգի մարմինների կողմից երեխաների իրավական կարգավիճակի ստուգումը», — ասում են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեից:
Մայիսի 7-ին «Մարդու իրավունքների համար գործընկերություն» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է ստացել ՄԱԿ-ի երեխաների կոմիտեից: Կոմիտեն ընդունել է միջանկյալ միջոց, որով բավարարել է կազմակերպության մայիսի 5-ի բողոքը և կառավարությանը հանձնարարել ապահովել, որ բոլոր համապատասխան գերատեսչությունները վերահսկեն Նինոծմինդայի մանկատունը: Հայտարարությունը տարածում է ՀԿ-ն:
Հարկ է նշել, որ նման ժամանակավոր միջոց ՄԱԿ-ն օգտագործում է միայն այն դեպքում, երբ կա արտակարգ իրավիճակ՝ երեխաներին անդառնալի վնաս հասցնելու վտանգ: Այնուամենայնիվ, Կոմիտեի կողմից «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածի համաձայն` ծանուցման ընթացակարգերի վերաբերյալ որոշումը պետության կողմից դրան համապատասխանելու իրավական պարտավորություն է առաջացնում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 15-ին Հանրային պաշտպանին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց և վերահսկել երեխաների իրավական կարգավիճակը, ինչպես օրենքով թույլատրված է: Չնայած 2015 և 2018 թվականներին Հանրային պաշտպանի զեկույցում արտացոլված էին երեխաների նկատմամբ բռնության ամենադաժան ձևերը, Վրաստանի կառավարությունը չի ապահովել նրանց մուտքը երեխաների հաստատություն: 2020 թվականի հունիսի 20-ի դրությամբ Պետական խնամքի գործակալության ոչ մի սոցիալական աշխատող չի մտել գիշերօթիկ դպրոց:
Նշենք, որ կազմակերպությունը դիմել էր նաև Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ժամանակավոր միջոց նշանակելու խնդրանքով, սակայն դատարանը երեխաների իրավունքների ոտնահարում և դիտանցման անհրաժեշտություն չէր արձանագրել:
Գլխավոր լուսանկար՝ sknews.ge
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։