ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում կանխել բռնությունները

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների անկախ փորձագետները կոչ են անում «Վրացական երազանք»-ին դադարեցնել սեփական քաղաքացիների նկատմամաբ բռնությունները։ ՄԱԿ-ի փորձագետները բարձրաձայնում են շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների կողմից խաղաղ ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության և խոշտանգումների մասին։

«Մենք հաղորդումներ ենք ստացել իրավապահների և առանց համազգեստի որոշ անձանց կողմից խաղաղ ցուցարարների, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ կիրառված կանխամտածված բռնության, սպառնալիքների, ահաբեկման և հաշվեհարդարի մասին»,- նշել են փորձագետները։

Նրանց խոսքով` մտահոգիչ փաստեր կան բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման։

«Հաշվի առնելով հիշյալ իրադարձությունների լրջությունը՝ մենք ակնկալում ենք անկախ, անաչառ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, իսկ բժշկական օգնության կարիք ունեցողներին պետք է տրամադրվի այն»,- ասվում է հայտարարության մեջ։

Փորձագետներ վստահեցրել են՝ շարունակելու են հետևել վրաստանյան զարգացումներին։