Մաջադիա գյուղում դեպի գյուղ տանող ու գյուղամիջյան ճանապարհների անբարեկարգ վիճակը երկար տարիներ է, ինչ ստեղծում է բազմաթիվ խնդիրներ գյուղացիների համար. ճանապարհը տեղ-տեղ քանդված է, քարքարոտ ու դժվարանցանելի:
Մաջադիա գյուղը, որը գտնվում է Ախալքալաքի շրջանում, արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է մի խնդրով, որն անխուսափելիորեն ազդում է բնակիչների կյանքի որակի վրա՝ դեպի գյուղ տանող ու գյուղամիջյան ճանապարհը լուրջ դժվարություններ են ստեղծում բնակիչների համար, հատկապես ձմռանը և անձրևոտ եղանակներին, երբ ճանապարհներն առավել դժվարանցանելի են դառնում:
Բնակիչները նշում են, որ այս խնդիրը տարիներ շարունակ չլուծված է մնացել, որի պատճառով գյուղը կորցնում է իր կապը հարակից բնակավայրերի հետ:
«Մեր գյուղ հասնելը դժվարացել է, հատկապես ձմռանն ու անձրևային եղանակներին: Ճանապարհի մեծ մասը քանդված է, տեղ-տեղ անանցանելի: Ախալքալաքի շրջանում գտնվող գյուղերի մեծ մասն ասֆալտապատված է, իսկ Մաջադիան՝ ոչ: Ինչո՞ւ է այդպես: Եթե չեն ասֆալտապատում, գոնե ավազի միջոցով հարթեցնեն: Երեխաները դպրոց են հաճախում, բարեկարգ ճանապարհ չկա, որպեսզի հեշտությամբ հասնեն դպրոց: Այսպես անհնար է արդեն», — ասում են Մաջադիա գյուղի բնակիչները:
Գյուղում ճանապարհի անբարեկարգ վիճակը դժվարություններ է ստեղծում նաև վարորդների համար:
«Գյուղում կան հատվածներ, որոնք մեքենաների միջոցով անանցանելի են՝ ստիպված ենք մեքենան կանգնեցնել, հետո ոտքով շարունակել ճանապարհի մնացած հատվածը: Գոնե ավազով հարթեցնեն: Այսպես ինչքա՞ն շարունակենք ապրել: Լավ է, գյուղը գազաֆիկացրին, բայց որքան գազաֆիկացումն էր կարևոր, նույնքան էլ ճանապարհի ասֆալտապատումն ու հարթեցումն են կարևոր», — դժգոհում են բնակիչները:
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն երեք տարվա ընթացքում նախատեսում է իրականացնել ենթակառուցվածքային 6 նախագիծ.
- Օլավերդ գյուղի ճանապարհի վերականգնում՝ երկարությունը 3,413 կմ, գումարը՝ 2,276,822 լարի;
- Ղադոլար գյուղի ճանապարհի վերականգնում՝ երկարությունը 1,990 կմ, գումարը՝ 1,611,121 լարի;
- Տուրցխ գյուղի ճանապարհի վերականգնում՝ երկարությունը 1,755 կմ, գումարը՝ 1,298,781 լարի;
- Գոման-Բալխո-Բուղաշեն ճանապարհի վերականգնում՝ 3,660 կմ, գումարը՝ 3,037,388 լարի;
- Ափնիա-Գոգաշեն ճանապարհների վերականգնում՝ 2,271 կմ, գումարը՝ 1,798,235 լարի;
- Ալաստան գյուղում 4,646 կմ երկարությամբ ջրանցքի կառուցում, նախագծի արժեքը՝ 208,068 լարի:
Այս նախագծերը կիրականացվեն երեք տարվա ընթացքում՝ վերականգնելով նաև Ֆիլիպովկա, Ազմանա և Թախչա գյուղերի ճանապարհները, որից հետո մունիցիպալիտետը կսկսի զբաղվել գյուղերի ներքին ճանապարհների ասֆալտապատմամբ:
Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան