Օրեր առաջ տեղեկացանք, որ Երեւանում, 89 տարեկան հասակում հավերժի ճամփան բռնեց Հայաստանում ու նրա սահմաններից դուրս մեծ համբավ ունեցող անվանի բժիշկ, սրտաբան Ալեքսանդր Միքայելի Սիրունյանը:
Ներկայացնում ենք «Վրաստան» թերթում հրապարակված հոդվածը
Անժամանակ մահերի այս դառը իրականության մեջ, որքան էլ երանություն թվա ութ տասնյակից ավելի տարիների կյանքը, մարդկային կորուստը, այդուհանդերձ, տխուր ու անդառնալի է: Ու հատկապես ցավալի, երբ անկախ տարիքից, կիսատ են մնում այլեւս երկնքում ապրողների երկրում թողած ժողովրդանպաստ, հայրենանպաստ ու ազգանպաստ գործերն ու մեր դեռ չասված երախտիքի խոսքերը: Հենց այսպիսին էր բժիշկ Ալեքսանդր Սիրունյանը, ով Հիպոկրատի ու նախեւառաջ խղճի առաջ խոստմանը հավատարիմ, սիրտ ու հետեւաբար հոգի էր բուժում՝ նոր խփոց ու զարկերակ, նոր կյանք պարգեւելով նույնիսկ անհույս հիվանդին: Ալեքսանդր Սիրունյանն արմատներով Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան ավանից էր, Սիրունյանների հայտնի գերդաստանից: Ծնվել էր 1932 թվականին, Քութայիսիում:
Շահումյանում ծնված հայրը՝ Միխայիլ Սիրունյանը, Ադրկովկասի զինվորական օկրուգի բարձր պաշտոնյաներից էր, ծառայել էր Քութայիսիում, Թբիլիսիում, եղել Թամանյան դիվիզայի Բեռլին հասած գնդերից մեկի հրամանատարը, հետագայում՝ Հայաստանի ԴՈՍԱԱՖ նախագահի տեղակալը: Ալեքսանդր Սիրունյանը սովորել էր Թբիլիսիի թիվ 43 դպրոցում, որն իմիջիայլոց ավարտել են Միխայիլ Թարիվերդիեւը, Բուլատ Օկուջավան: Երեւանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո, նա աշխատել էր Թբիլիսիի եւ Երեւանի զինվորական հոսպիտալներում: 1967 թվականից գործուղվել էր Ալժիր եւ աշխատել տեղի կենտրոնական հոսպիտալում՝ որպես սրտաբանության բաժնի վարիչ: 1974-ին Սիրունյանը գործուղվել էր Գվինեա, եղել է երկրի նախագահ Ահմեդ Սեկու Տուրերի անձնական բժիշկը, արժանացել Գվինեայի Հանրապետության հերոսի պատվավոր կոչմանը: Կյանքի վերջին տարիներին նա Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշիկն էր: Սիրունյանը հիանալի եւ օրինակելի ընտանիքի, երկու որդու եւ մեկ դստեր հայր էր, երեքն էլ կայացած ու հաջողությունների հասած: Ի դեպ, դուստրը՝ Թամարան, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի 3-րդ եւ 5-րդ գումարումների պատգամավոր Ստեփան Կարենի Դեմիրճյանի կինն է: …
Նոյեմբերի 12-ին, երբ Երեւանում Սիրունյանի ընտանիքն ու մտերիմները նրա շիրմի մոտ կհավաքվեն մահվան քառասուն օրը հիշատակելու, այստեղ, հարազատ Շահումյանում նորից ու նորից կհպարտանան իրենց զավակով, կհիշեն հարյուրավոր մյուս շահումյանցիներին, ովքեր պատիվ են բերել ու իրենց մեծ ներդրումն ունեցել ոչ միայն այս բեղմնավոր օրրանի, այլեւ Վրաստանի, Հայաստանի եւ, ընդհանրապես, մարդկության պատմության մեջ: Թերթելով ճանաչված հասարակական գործիչ, շահումյանցի Սանդուխտ Ասլանյանի «Շուլավեր» գիրքը՝ ուր խոսվում է նաեւ Ալեքսանդր Սիրունյանի մասին, ծանոթանում ես հայտնի գիտնականների ու ակադեմիկոսների, մանկավարժների ու գրողների եւ հատկապես բժիշկների ներկա ու անցյալ սերունդների հետ, ովքեր հենց Շահումյանում են ծնվել եւ կամ արմատներով սերտ կապված եղել այս օրհնաբեր ավանի հետ: Այսպես, Շահումյանի հող ու ջրի զավակ, հանճարեղ բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը հայրենի եզերքի ժողովրդին ուղղված իր նամակում, գրում է. «Ամենահետաքրքիրն ու թանկը ինձ համար մեր ջերմ ու արժանապատիվ ժողովուրդն էր, որ շատ տաղանդավոր զավակներ տվեց աշխարհին: Հիացմունքով ու ակնածանքով եմ հիշում Արտաշես Մելիք-Ադամյանին (ՀՀ ԳԱ ակադեմիկոս), Աբգար Իսահակյանին (խորհրդային աշխարհահռչակ մանրէաբան), Անդրանիկ Մեհրաբյանին (հոգեբույժ, նյարդաբույժ): Իսկ Վահան Միրաքյա՞նն («Լալվարի որսը» պոեմի հեղինակ, մանկավարժ) ու Արազի՞ն (արձակագիր, թարգմանիչ), Ալեքսանդր Մելիք-Փաշա՞եւը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր), Վաչե Սաղաթելյա՞նը (ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ), Մարգարիտ Պողոսյա՞նը (լեզվաբան, Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր):
Եղբայրս՝ Բենիամին Մարգարյանը (ՀՀ ԳԱ ակադեմիկոս), որն իր կյանքն ապրեց… այլ գալակտիկաներում, մինչեւ որ նրանց «կնքեցին» իր անունով՝ «Մարգարյանի գալակտիկաներ»: Ցավոք, այս պահին հնարավոր չէ հիշել բոլորին, քանզի նրանք շատ են, որոնց անպայման չեն վրիպի պատմությունը եւ ժողովրդի հիշողությունը»: Ի դեպ, այս ավանից է նաեւ Ռուսաստանի ներկայիս արտգործնախարար Սերգեյ Լավրովի պապը՝ հայտնի Քալանթարովների գերդաստանից: Գաբրիել Քալանթարովը Թիֆլիսի դումայի անդամ է եղել, իսկ որդին՝ Վիկտորը, անցած դարի 80-ականներին խորհրդային մաքսային ծառայության պետի տեղակալը: Մեզ համար բացահայտում էր Հայաստանի ժողովրդական դերասանուհի, Հանրային հեռուստատեսության գլխավոր հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի ծնունդով Շահումյանից լինելու փաստը, ում տունն առայսօր պահպանվում է ավանում: Նաեւ Գուրգեն Ադամյանի՝ Ալեքսանդր ֆոն Հումբոլդի անվան ֆոնդի թոշակառու գիտնականի, Սարգիս Քամալյանի, ում բանասիրական ու բանահյուսական հարուստ ժառանգությունը պահպանվում է Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ու Երեւանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Շահումյանից էր նաեւ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի մայրը՝ լուսահոգի Վարսենիկ Հովհաննիսյանը, ով սպորտային մարմնամարզության Հայաստանի բազմակի չեմպիոնուհի էր, ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր։ Ու էլի շատ ու շատ տարբեր ոլորտների երեւելիներ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է հիշատակման, ինչպես կյանքի օրոք, այնպես էլ՝ հետմահու ու ոչ միայն նրանց ճանաչողների եւ հիշողների, այլեւ ու հատկապես նոր սերնդի համար: Եվ իսկապես, զարմանալիորեն այս փոքրիկ ավանից հայտնիների թիվը ոչ մի կերպ չի զիջում խոշոր քաղաքներին: Ծագումով Շահումյանից է նաեւ գնդապետ Էդուարդ Սանդրուկյանը, ով երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի, ապա նաեւ ՌԴ ՆԳՆ ոստիկանության տրանսպորտի գլխավոր վարչության պետի տեղակալ։ Լույս իջնի Ալեքսանդր Սիրունյանի ու Շահումյանում ծնված բոլոր հանճարների ու անվանիների հոգիներին…
Դեռ երկար արարեն նրանք, ովքեր ողջ են, ու թող Շահումյանը շարունակի համալրել հայտնիների իր փաղանգը, այժմ արդեն շնորհիվ ավանի երկու հայոց դարբնոցների` 2022 թ.-ին իր 100-ամյակը նշող թիվ 1 (տնօրեն՝ Արտուշ Ուռումյան) եւ վարժապետ Վահան Միրաքյանի նախկին տանը գործող թիվ 3 (տնօրեն՝ Աիդա Ազատյան) դպրոցների: Իսկ նմաններն արդեն կան ու համոզված եմ, երկար չենք սպասելու, որպեսզի այս նորերի անունները եւս հռչակվեն՝ աշխարհի բարի ու նպաստավոր գործերում:
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆ
Լուսանկարը՝ Ստեփան Դեմիրճյանի տիկին Թամարա Սիրունյանի