Լյուքսեմբուրգում քննարկում են վրաստանյան իրավիճակը

Եվրամիության (ԵՄ) 27 երկրների արտգործնախարարներն այսօր՝ հունիսի 24-ին, Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանի հետ կապված իրավիճակը «գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։

Հանդիպումից երեք օր անց՝ հունիսի 27-ին կանցկացվի Եվրոպական խորհրդի նիստ։

Euractiv լրատվական ընկերությունը գրում է, որ Վրաստանում «գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն դիտարկում է երկու սցենար։

Առաջինը ներառում է.

  • բարձր մակարդակի երկկողմ այցերի կասեցում.
  • ԵՄ-ի և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրի շրջանակներում հանդիպումների կասեցում.
  • պայմանագրերի ստորագրման սառեցում.
  • երկրի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառում,
  • Վրաստանի իշխանություններին ձեռնտու նախագծերի ֆինանսավորման կասեցում։

Հատկանշական է, որ եթե ​​Վրաստանում իրավիճակը շարունակի վատթարանալ, Բրյուսելը կարող է քննարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և ԵՄ անդամակցության գործընթացը կասեցնելու քայլերը։

Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել, որ արևմտյան գործընկերների քննադատությունն անհիմն է։ Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Բրյուսելին անհրաժեշտ է «պրագմատիկ մոտեցում», և ցանկացած պատժամիջոց հակաարդյունավետ կլինի: