Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով արդարադատության տունն աշխատում է հատուկ ռեժիմով, բոլոր մուտքերը փակ են և հսկվում են ոստիկանության աշխատակիցների կողմից։
Վրաստանում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 43 դեպք կա, վարակվածներից մեկը ապաքինվել է, մահվան դեպքեր չկան: Կարանտինում մնում է 1575 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275:
Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակեց սահմանները օտարերկրացիների համար: Արգելք է գործում հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մասամբ Թուրքիայի հետ քաղաքացիների տեղաշարժերի համար: Բեռնափոխադրումների դեպքում արգելքը չի տարածվում:
Մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռահար աշխատանքի: Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են տարվում, չեղարկվել են հոգևոր արարողությունները՝ որոշ տաճարներում: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զինվորական կառույցներում:
Բանկերը 3 ամսով երկարաձգել են վարկերի մարումը, զբոսաշրջության ոլորտի հարկատուներին պետությունը 4 ամսով ազատել է հարկերից, հարկային արտոնություններ են սահմանվել մանր ու միջին բիզնեսի համար:
Վրաստանի կառավարությունը խորհուրդ է տվել փակել գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, տոտալիզատորները, ռեստորաններն ու սրճարաններն աշխատում են միայն առաքումով:
70-ն անց քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ տներից, խուսափել մարդկանց կուտակումներից: