Մառնեուլիի մուտքի մոտ մեկ գիշերվա ընթացքում ստեղծված անցակետի մոտ բեռնատարների կուտակումներ են:
Միակ տրանսպորտային միջոցը, որ հնարավորություն ունի մտնել Մառնեուլի՝ տրանզիտ բեռնատարներն են, որոնք շարժվում են դեպի Սադախլո-Բագրատաշեն անցակետ: Մառնեուլիի մուտքի մոտ տեղակայված անցակետի մոտ վարորդները սկրինինգ են անցնում, ախտահանվում, սահմանային ոստիկանությունը զգուշացնում է նրանց՝ Մառնեուլիի տարածքում չկանգնել:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում դեպի ՀՀ շարժվող բեռնատարներից մեկի վարորդը նշեց, որ արդեն կես ժամ է սպասում է իր հերթին: Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք շարժվում էին դեպի Մառնեուլի, ոստիկանությունն արգելել է մտնել շրջան, կոչ անելով հետ վերադառնալ:
Չի թույլտարվում նաև այս ճանապարհով անցնել հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիներին: Սրա հետ կապված Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական ծառայության ղեկավար Հարություն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: Այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում:
Նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:
Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:
Արգելվում է նաև բնակիչների տեղաշարժը, բացառություն են կազմում դեպքերը, երբ շտապ անհրաժեշտություն կա: Բացառություն է կազմում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը:
Պետությունը մթերքով կապահովվի Մառնեուլիի այն բնակիչներին, ովքեր դժվարանում են խանութ գնալ, այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին:
Նշենք՝ կփակվի նաև հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, ում մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության և հիմա կոնտակտների թիվը հասնում է 490-ի: Մեկ գիշերվա ընթացքում Մառնեուլիում բացվել է նաև մոբիլ հիվանդանոց: