
Թբիլիսիի մեծ սուպերմարկետներում մուտքի մոտ հաճախորդներին պարտադիր ձեռնոցներ են տրամադրվում, նրանք զգուշացվում են, որ ապրանք վերցնեն միայն ձեռնոցներով:
Մուտքի մոտ սուպերմարկետների աշխատակիցների կողմից ախտահանվում են նաև զամբյուղները՝ հաճախորդին տրամադրելուց առաջ և հետո:
Հաճախորդներին նաև հորդորում են միմյանցից հեռավորություն պահպանել՝ կշեռքների ու դրամարկղերի մոտ սպասելու ժամանակ: Հեռավորություն պահպանելու և ներսում հիգիենայի կանոնները պահպանելու մասին պարբերաբար հաղորդվում է բարձրախոսով:
Հատուկ միջոցներ են ձեռնարկվել նաև կշռվող ու բաց վաճառվող սննդի բաժնում՝ հիմնականում քաղցրեղենի: Դարակները պոլիէթիլենային տոպրակներով փակված են:
Չնայած տանը մնալու հորդորներին՝ Թբիլիսիի սուպերմարկետները մարդաշատ են: Այս պահին Վրաստանում գործում են միայն սննդի վաճառակետերն ու դեղատները: