Քիչ առաջ տեղեկացրել ենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ուժով ցրել է խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին։
Այս պահին խորհրդարանի բոլոր մուտքերը բաց են, տեղադրված կողպեքները հանվել են իրավապահների կողմից։
Այս պահին պողոտայում արդեն աղբատար մեքնենար են հայտնվել, տարածքը մաքրվում է։ Հիշեցնենք՝ ավելի վաղ այստեղից նաև վրաններն էին ապամոնտաժվել։
Ցուցարարների մեծ մասը դեռևս շարունակում է կանգած մնալ փողոցներում։ Հանրահավաքի առաջնորդներն այս պահին հավաքվել են Մարիոթ հյուրանոցում՝ քննարկելու համար հետագա անելիքները։ Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր գործիչ Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ հույս ունեն՝ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական կտա այսօրվա կատարվածին ու կկանգնի Վրաստանի կողքին։
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։