Մառնեուլիի շրջանի Խոժոռնի, Գյուլուբաղ, Ծոփ և Բրդաձոր գյուղերում կարանտինային ռեժիմին խիստ հետևում են: «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Խոժոռնիի վարչական միավորումում (միավորումում ներառվում են նշված չորս գյուղերը) Մառնեուլիի քաղաքապետի ներկայացուցիչ Արսեն Հախվերդյանը:
«Իմ տարածքը Մառնեուլիի շրջանում ամենամեծերից է, թեև ջանք չենք խնայում ռեժիմը պահպանելու համար», — ասում է Հախվերդյանը՝ նշելով, որ այսօր, մարտի 28-ին Խոժոռնի, Գյուլուբաղ, Ծոփ և Բրդաձոր գյուղերում 70-ն անց միայնակ տարեցներին առաջնային կարևորության օգնություն է հատկացվել:
«Օգնություն է ստացել ավելի քան 30 ընտանիք: Սակայն սա դեռ ամբողջը չէ: 70-ն անց միայնակ ծերերին ենք տվել, թեև շատ ավելի կարիքավոր ընտանիքներ կան, որոնց ցուցակն արդեն կազմել ենք և կներկայացնենք, որպեսզի իրենց էլ օգնություն հատկացնենք», — ասում է Հախվերդյանը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արսեն Հախվերդյանը, բուժքույրի հետ միասին՝ մի քանի խմբերով, շրջում են տներով, ջերմաչափում մարդկանց և կորոնավիրուսի մասին հայալեզու տպագրված նյութերը բաժանում, որպեսզի բնակչությունն էլ ավելի տեղեկացված լինի: