Լուսանկարչության դասընթացի փակումն ու մրցանակաբաշխությունը Ջավախքում․ լուսանկարներ

Ախալքալաքում տեղի ունեցավ Gipa Media Lab նախագծի լուսանկարչության դասընթացի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Շուրջ երկու ամիս տևած դասընթացը, որը նախատեսված էր Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի մարզերում բնակվող երիտասարդների համար, բաղկացած էր մուլտիմեդիա պատմության, լուսանկարչության և ֆիլմարտադրության փուլերից։ Սամցխե-Ջավախեթիի մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացրեցին ժյուրիին․ հաջողված պատմությունների հեղինակները պարգևատրվեցին լիցքավորիչներով, իսկ լավագույնի հեղինակը՝ բջջային հեռախոսով։

Լավագույն ֆոտո-պատմություն անվանակարգում հաղթող ճանաչված Զոյա Կարսլյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ նախագիծ է պատրաստել միայնակ մոր մասին, որն իրական պատմություն է․

«Ինձ համար շատ հաճելի էր լինել հաղթողների շարքում, թեև սա իմ առաջին մրցանակը չէր, սակայն շատ տպավորված եմ։ «Ադելին» անվանումը ստացած նախագիծս միայնակ մոր մասին է, որը 3 անչափահաս երեխաների հետ ապրում է Նինոծմինդա քաղաքում, ունի տեսողության խնդիր։ Այս նախագծով ուզում եմ մարդկանց ապացուցել, որ չնայած իր խնդրին՝ նա շարունակում է ապրել սովորական մարդկանց պես, որևէ մեկից կախվածության մեջ չլինելով»  — նշում է նա։

Կարսլյանը նշում է, որ այս և այլ ծրագրերի և մրցույթների շրջանակներում իր հաջողության գրավականն աշխատասիրությունը և պատասխանատվությունն է։

«Հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթողներից մեկը՝ Եվգինե Ղարսլյանը, իր հերթին նշում է, որ այս հաղթանակը շատ է ոգեշնչել իրեն՝ կայանալու և այս ասպարեզում հմտանալուն։

«Մենք այդքան էլ վստահ չէինք, որ հաղթելու ենք, բայց մեր ընկերները վստահեցնում էին մեզ։ Շատ ուրախ եմ,  քանի որ GIPA֊ում առաջին հաղթանակս էր, հուսով եմ վերջինը չի լինի — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Ղարսլյանը և շարունակում․ Նախագծի վրա աշխատում էինք 2 հոգով։ Վերնագրել ենք «Կյանքը վտանգի մեջ»։ Մենք պատմում ենք Սամեբա գյուղում ապրող մարդկանց մասին, նրանք շատ վատ պայմաններում են ապրում, դա էլ քիչ է՝ այնտեղ գրեթե ամեն օր տեղի է ունենում երկրաշարժ։ Մենք ընտրեցինք այս թեման, քանի որ ուզում էինք բոլորը իմանան այս վայրի ու այս մարդկանց մասին»։

Սկսնակ լուսանկարիչը նշում է, որ շատ երկար են աշխատել նախագծի վրա, դժվարությամբ են հասել արդյունքի, սակայն կարևոր է այն, որ գնահատվել է նրանց աշխատանքը։ 

Gipa media lab ծրագրի նպատակն է ինտեգրել էթնիկ համայնքները Վրաստանի հասարակական կյանքին՝ երիտասարդ բնակչության շրջանում մուլտիմեդիա հմտությունները զարգացնելու միջոցով:

Gipa-ն՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը, որը իրականացնում է վերոնշյալ ծրագիրը, ստեղծվել է 1994 թվականին Թբիլիսիում։ Համալսարանն առաջարկում է մագիստրոսական, բակալավրիատի ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ՝ հանրային կապերի, տեղական ինքնակառավարման, լրագրության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտներում, ինչպես նաև գործում է սոցիալական գիտությունների ասպիրանտուրայի ծրագիր: