Ռուսատանի դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական պետական TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի գործունեության վերաբերյալ Մոսկվայի մտավախությունների մասին և Վաշինգտոնից պատասխան պահանջել ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ։
Զախարովան ասել է, որ իրենք ծրագրում են մոտ ապագայում մեխանիզմներ գործարկել Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի համաձայն, որը ներառում է խորհրդակցություններ պետությունների հետ։
«Ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ արտգործնախարարությունը և պաշտպանության նախարարությունը, հասարակական գործիչներ, ինչպես նաև վրացի փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բազմիցս նշել են, որ Լուգար կենտրոնի գործունեությունը լուրջ հարցեր է առաջացնում Միացյալ Նահանգների կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ», — ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ այս բիոօբյեկտի հիման վրա ուսումնասիրություններ են կատարվում՝ միջատները որպես վտանգավոր կենսաբանական նյութեր և վարակներ տարածողներ.
«Հասկանալի պատճառներով ԱՄՆ-ը գերադասում է լռել հետխորհրդային տարածքում կատարված աշխատանքի վերաբերյալ և վստահությունը բարձրացնելու համար տեղեկատվություն չի տրամադրում։ Պնդել, թե Պենտագոնի և հարակից կառույցների գործունեությունը հատկապես կենտրոնացած է առողջապահական խնդիրների վրա, իրականությանը չի համապատասխանում»:
Նշենք, որ ԱՄՆ-Վրաստան համագործակցության շրջանակներում Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ շենքը ամբողջությամբ շահագործման է հանձնվել 2013 թվականի օգոստոսին։ Այնուհետև ռուսական շատ աղբյուրներ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Լուգարի լաբորատորիայում բիոլոգիական և քիմիական զենք է արտադրվում։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ֆոնին ռուսական կողմը վերջերս ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե Ուկրաինայում և Վրաստանում գործող լաբորատորիաներից չղջիկների միջոցով վարակ են տարածում։
Կարդացեք նաև՝