«Լսելի դարձրեք ժողովրդի ձայնը». բողոք` ուղղված հանրային հեռարձակողին

Մեկ ամսից ավելի ակտիվիստներն ու Հանրային հեռարձակողի («Առաջին ալիք») որոշ աշխատակիցներ պահանջում են հասարակական-քաղաքական հաղորդումներ, որտեղ կխոսվի Վրաստանում զարգացող իրադարձությունների մասին։

Մեկ ամսից ավելի է արդեն «Առաջին ալիք»-ի շենքի մոտ գրեթե ամեն օր հնչում է նույն պահանջը՝ Հանրայինի եթերը տալ ժողովրդին։ Այս պահանջին համամիտ է ալիքի աշխատակիցների մի մասը։ Ֆիլմերի և հեռուստասերիալների փոխարեն նրանք պահանջում են հեռարձակել հասարակական-քաղաքական հաղորդումներ և պնդում են, որ «Մոամբեն» բավարար չէ քաղաքական ճգնաժամի ամբողջական պատկերը ցույց տալու համար, ինչպիսին այժմ Վրաստանում է։

Նոյեմբերի 30-ից, ի պատասխան հանրային բողոքի, հեռուստատեսային ցանցում ավելացավ «Արտակարգ հեռարձակումը»՝ հաղորդում, որտեղ եվրոպամետ ցույցերի մասնակիցները 30-45 րոպե ունեն ուղիղ եթերում հաղորդավարի հարցերին պատասխանելու համար։ Սակայն ամանորից հետո հաղորդումը այլևս չի հեռարձակվում:

Ինչպես ձեռք բերեցին ցուցարարները հանրային հեռարձակողի եթերի 40 րոպեն

Նոյեմբերի 30-ին Վրաստանի «Առաջին ալիք»-ի շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները վանկարկում էին՝ «հանրային ստախոս», «մերկացրե՛ք ռեժիմը»:

Հանրահավաքի մասնակիցներն «Առաջին ալիք»-ին կոչ էին անում առանց «զարդարանքների» ներկայացնել հանրահավաքում տեղի ունեցած բռնության փաստերը։ Պահանջում էին «Առաջին ալիք»-ի ղեկավարության հրաժարականը։

Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ «Առաջին ալիք»-ը, որը հարկատուների փողերով է ֆինանսավորվում, իշխանության քարոզչական մեխանիզմներից մեկն է:

Ըստ հանրահավաքի մասնակիցների՝ «Առաջին ալիք»-ը բողոքի ալիքի մեկնարկից ի վեր թերի է լուսաբանում երկրում տեղի ունեցող գործընթացները։

Բողոքի ակցիայի արդյունքում հանրային հեռարձակողը նոյեմբերի 30-ին, ժամը 20:00-ին ուղիղ եթեր տրամադրեց քաղաքացիներին։ «Առաջին ալիք»-ով հատուկ ուղիղ հեռարձակումը սկսվել է 20:30-ի սահմաններում։ Հանրային հեռարձակողը եթերը նվիրել է ակցիայի մասնակիցներին, իսկ վարողը գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին էր։

Դժվար ու մի քանի փուլային բանակցություններից հետո, վերջապես, հանրային հեռարձակողը դեկտեմբերի 8-ից սկսեց ամենօրյա հեռարձակումը:

«Լսելի դարձրեք ժողովրդի ձայնը»

«Առաջին ալիք»-ի որոշ աշխատակիցներից բացի, ուղիղ եթերի պահանջով նոյեմբերի 30-ից հետո գրեթե ամեն օր Կոստավայի փողոցում՝ հեռուստատեսության շենքի աստիճանների մոտ, հավաքվում են տնօրեններ, կրթության մասնագետներ, լրագրողներ, ակտիվիստներ։

«Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի Հանրային ալիքից, որի բյուջեն կազմում է 101 մլն լարի, և որը գոյանում է քաղաքացիների վճարած հարկերից»,- ասում են ցուցարարները։

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ այն եթերը, որը տրամադրվել էր քաղհասարակությանը, փաստացի այլևս չկա.

«Սկզբից բացվեց երեկոյան եթերը, որը մեր պահանջներից մեկն էր: Բայց ամանորին եթերը փակեցին, և նույնիսկ դա չեն բացում: Մյուս պահանջը ղեկավարների` Թինաթին Բերձենիշվիլիի և Վասիլ Մաղլափերիձեի պաշտոնաթողումն է, որը չի բավարարվել: Ուստի ցույցերը դեռ շարունակվում են, և ամենամեծ պահանջն այն է, որ հանրային հեռուստաընկերությունը, իշխանության քաղաքականությունը վարելու փոխարեն, հասարակական քաղաքականություն վարի և ազատվի իշխանական ներկայացուցիչներից:

Մեր պահանջն է՝ որ եթերը դառնա չեզոք, բաց հարթակ հանրության համար, որն այսօր չի կատարում իր պարտականությունը, չնայած մենք` Վրաստանի քաղաքացիներս ենք ֆինանասավորում հեռուստաընկերությանը»,- ասաց «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահը:

Եվրոպամետ զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։