Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական շարժումներն այսօր՝ մայիսի 3-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում ընդդեմ «գործակալների մասին օրենքի» բողոքի ցույց կանցկացնեն: Ցույցը կմեկնարկի 18:00-ից Ազատության հրապարակում գտնվող «Պարագրաֆ» հյուրանոցի տարածքից։
Կազմակերպիչների խոսքով, հանդիպման համար այս վայրն ընտրվել է, քանի որ հիշյալ հյուրանոցում անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ADB) տարեկան ժողովը, որին պետք է ներկա գտնվեն նաև Վրաստանի կառավարության անդամները։
«Լսելի դարձնենք մեր ձայնը միջազգային գործընկերներին: Եկեք հավաքվենք «Պարագրաֆ» հյուրանոցի դիմաց՝ հորդորելով միջազգային բարձրաստիճան հյուրերին, որ բացահայտ կոչ անեն Վրաստանի կառավարությանը հետ կանչել ռուսական օրենքը, չվտանգել երկրի կայուն և ժողովրդավարական զարգացումը»,- նշված է հայտարարության տեքստում:
Ուշագրավ է, որ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայիսի 2-ին, Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել էին նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։