
«Լրատվամիջոցների պաշտպանության կոալիցիա»-ն (MAC) Վրաստանում լրագրության օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։
«Այսօր հատուկ օր է լրատվամիջոցների դերին անդրադառնալու և լրագրողներին համերաշխություն ցուցաբերելու համար։
Մարտի 21-ը պաշտոնապես հայտարարվել է Վրաստանում լրագրության օր 1993 թվականին՝ ի նշան այդ մասնագիտության հատուկ դերի, որն իր առաջին քայլերն էր անում ժողովրդավարության երկար ճանապարհին։
Նույնիսկ այսօր՝ 30 տարի անց, երբ մենք պետք է առաջընթաց ունենայինք ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին, Վրաստանում լրագրողները շարունակում են ճնշումների և ոտնձգությունների ենթարկվել։ Նրանց հետապնդում են հենց այն պատճառով, ինչի համար ընտրել են այս մասնագիտությունը՝ քննադատական կարծիք հայտնելու և ճշմարտությունը բարձրաձայնելու համար։
Պատկերացրեք, թե որքան փաստեր, պատմություններ, իրադարձություններ անհայտ կմնային հանրությանը, եթե չլինեին պայքարող, սկզբունքային, նվիրված լրագրողները: Ինչքան կոռուպցիոն սխեմաներ, որքան անարդարություններ, որքան մարդկային ճակատագրեր կմնային աննկատ»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպության խոսքով` ազատ մեդիան աշխուժացնում է ժողովրդավարությունը. այդ իսկ պատճառով այսօր` առավել քան երբևէ, կարևոր է կանգնել լրագրողների կողքին և պաշտպանել հասարակության աչքերը, ականջները և ձայնը լինելու նրանց իրավունքը։