Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան իր մտահոգությունն է հայտնել իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ «Պալիտրա Մեդիա» լրատվամիջոցի մասին արած հայտարարության կապակցությամբ։ Կոալիցիայի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հայտարարության նպատակն է վարկաբեկել և ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա։
«Մինչ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը՝ լրատվական կայքերից մեկում անհիմն հայտարարություններ էին տարածվել «Պալիտրա Մեդիա» ընկերության դեմ, որին հաջորդել են իշխող կուսակցության առաջնորդների արձագանքը։ Նշված հանգամանքը վկայում է այն մասին, որ այս քարոզարշավը նպատակաուղղված է «Պալիտրա Մեդիա» լրատվամիջոցի և «Ֆորմուլա» հեռուստաընկերության դեմ», — նշված է կոալիցիայի հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ անկախ մեդիահարթակների նկատմամբ ճնշումն էլ ավելի կխորացնի երկրում առկա քաղաքական բևեռացումը։
Նշենք, որ «Պալիտրա Մեդիան» արձագանքել է իր դեմ արշավին և հայտարարել, որ լրատվամիջոցը միշտ անկախ է եղել քաղաքական ազդեցություններից։
Հիշեցնենք, որ իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե Դավիթ Կեզերաշվիլին արդեն մի քանի ամիս ֆինանսավորում է «Պալիտրա» լրատվամիջոցին․ «վերջին 2-3 ամիսների ընթացքում «Պալիտրա մեդիա» հեռուստաընկերությունը շատ է նմանվել Կեզերաշվիլիի մյուս հեռուստաընկերությանը` «Ֆորմուլա»-ին»։
Հայտնի է, որ Սաակաշվիլիի իշխանության տարիներին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, այսօր վտարանդի քաղաքական գործիչ Դավիթ Կեզարաշվիլիին ներկայումս պատկանում է Վրաստանի «Ֆորմուլա» հեռուստաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը։