Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կատարած հետազոտության համաձայն՝ Վրաստանի մեդիա միջավայրը տարածաշրջանում ամենաազատն ու բազմազանն է, թեև բևեռացված է, ինչը կարող է ազդեցություն գործել տեղեկացված ընտրական որոշում կայացնելու վրա:
NDI-ի՝ 2019 թվականի դեկտեմբերի հանրային կարծիքի հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 69 տոկոսը հայտարարել է, որ նորություններին հիմնականում հեռուստատեսության միջոցով են ծանոթանում, թեև նույն հարցման համաձայն, միայն 32 տոկոսն է գտել, որ վրացական հեռուստաընկերությունները կողմնակալ կերպով են լուսաբանում իրադարձությունները:
NDI-ն անդրադարձել է ապատեղեկությունների տարածմանը, հիմնական ուղղություններ նշել է կորոնավիրուսն ու ադրբեջանա-հայկական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Ըստ հետազոտական կենտրոնի՝ «Հայկական, ադրբեջանական և ռուսական տեղեկատվական աղբյուրները Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ Վրաստանի գործողությունների և վերաբերմունքի, էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում զարգացող իրադարձությունների և տարածաշրջանային իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ են տարածում: Ներգրավված կողմերը նշում են, որ լարվածության աճող տենդենց նկատվում է ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում»:
Միջանկյալ հաշվետվության մեջ նշվում է, որ գոյություն ունի հակաթուրքական ալիք, ինչը զարգացել է «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից արված հայտարարությունների հիման վրա:
Ընտրությունների ժամանակ կուսակցությունների համար ավանդական լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, հանդիսանում են գովազդի հիմնական աղբյուր: Թեև լրագրողների համար խիստ կարևոր է կանոնավոր ու անաչառ տեղեկություն տեղ հասցնելը, վերջերս, սակայն, չափազանց վրդովեցնող են լրագրողի գործունեությանը միջամտելու դեպքերը, օրինակ.
- բողոքի ցույցը, որի պատճառով Պանկիսիում ռադիոկայանը ստիպված եղավ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը,
- Բոլնիսիում լրագրողի կյանքին սպառնալը,
- Մառնեուլիում երկու բախումները, որոնց ժամանակ լրագրողները և նկարահանող խմբերը վիրավորվել էին։