Վրացական անկախ լրատվամիջոցները դատապարտում են «Վրացական երազանքի» կողմից խորհրդարանում ռուսական օրենքի քննարկման վերսկսումը, նշված է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի տեղեկատվության մեջ:
Վրացական ավելի քան 20 լրատվամիջոգներ, դրանց թվում` նաև «Ալիք Մեդիա»-ն, միացել են այդ հայտարարությանը:
«Ռուսական օրենքը «Վրացական երազանքի» կառավարության հերթական փորձն է՝ զրկել քաղաքացիներին ձայնից, ոչնչացնել անկախ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը, լռեցնել և հասարակության ամենաակտիվ հատվածին հեռացնել հանրային գործընթացներից։ Ռուսական օրենքի վերադարձով վրացական իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին իրենց բռնի բնույթը», — նշված է հաղորդագրության մեջ:
Մեդիաները նշում են՝ մենք չենք ուզում ապրել նման երկրում.
«Այս օրենքով մենք արագորեն անցնում ենք խառը կառավարման համակարգից դեպի ամուր հաստատված ավտորիտարիզմ, որտեղ մարդկային կյանքն ու արժանապատվությունը անհասանելի են, որտեղ տիրում են կոռուպցիան և նեպոտիզմը, ճնշումն ու կողոպուտը, չի մնացել ազատ մեդիա, որտեղ պետական բռնի մեքենայից որևէ մեկը կարողանա պաշտպանել մարդկանց»:
Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ապրիլի 2-ին կայացած մեծամասնության նիստում ընդունված որոշումը հանրությանը ներկայացրել է ապրիլի 3-ին: Մդինարաձեն նշել է՝ «նոր օրինագծի տեքստը նման կլինի նախկինին, իսկ արտաքին ազդեցության գործակալ» տերմինը կփոխարինվի «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություն» բառով։
Ընդգծենք՝ 2023 թվականի մարտին «Վրացական երազանքը» չկարողացավ ընդունել «Օտարերկրյա գործակալների» օրենքը։ «Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։ Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակները դա համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ուշագրավ է, որ փաթեթը քննադատել էին Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: Աղմկահարույց օրինագծերը տապալվեցին և խորհրդարանից հետ կանչվեցին հասարակության բարձրացրած աղմուկի և բազմահազարանոց ակցիաների շնորհիվ: