Հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաքում Թբիլիսի փրայդ շաբաթվա (Հպարտության շաբաթ) շրջանակներում նախատեսված Արժանապատվության քայլերթը չեղարկվեց մի շարք ռադիկալ խմբերի անվերահսկելի գործողությունների ու հանցագործությունների, սպառնալիքների ու լրագրողների, զբոսաշրջիկների վրա հարձակումների պատճառով:
Այս պահի դրությամբ հայտնի է՝ վնասվել է 55 մարդ, այդ թվում՝ լրատվամիջոցների 53 ներկայացուցիչ: Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, նրանք դեռ 3-ն են:
Նախօրեի բռնի գործողությունների շարքում հիմնական թիրախում եղել են լրագրողները, ովքեր տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Լրագրողներից երկուսն, օրինակ, գիշերել են հիվանդանոցում, վիրահատվել: Մի օպերատորի աչքերին ռադիկալները (սոցցանցերում ու լրատվամիջոցներում նրանց կոչում են նաև պուտինիստներ) քիմիական նյութ են լցրել: Համացանցում բազմաթիվ կադրեր կան, ուր երևում է, թե ինչպես են հոգևորականները լրագրողներին ծեծի ենթարկում, մերկացնում ու նվաստացնում:
Նախօրեի բռնի գործողություններն արդեն դատապարտել են միջազգային հանրության ներկայացուցիչները, Վրաստանում գործող դեսպանությունները, ՀԿ-ներն ու հենց լրատվամիջոցները ևս: Իշխանությունները թեմայի հետ կապված իրենց մտահոգությունը հայտնեցին վերոնշյալ իրադարձություններից հետո միայն:
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան հուլիսի 7-ին ծրագրում է խաղաղ հավաք անցկացնել Վրաստանի կառավարության շենքի մոտ՝ «Հանուն անվտանգ մեդիադաշտի» խորագրով` լրագրողների նկատմամբ բռնության դեմ:
Լրագրողների նկատմամբ բռնությունը դատապարտել են Ազատություն ռադիոկայանը, ընդդիմադիր լրատվամիջոցները՝ Ֆորմուլան, Մթավարի ալիքը, TV Պիրվելին, ինչպես նաև հանրային հեռարձակողը և այլն:
Լրատվամիջոցները կոչ են անում Վրաստանի համապատասխան մարմիններին ժամանակին հետաքննել ու բացահայտել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, իսկ լրագրողների աշխատանքի համար ապահովել առողջ ու խաղաղ պայմաններ:
Ալիք Մեդիան ևս դատապարտում է գործընկերների նկատմամբ տեղի ունեցած բռնությունն ու շուտափույթ ապաքինում մաղթում նրանց։
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։