
Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) լրագրող, առավոտյան հաղորդաշարի աշխատակից Անի Ջոբավան, որ 7 տարի աշխատում է հեռուստաալիքում, հայտնել է, որ ՀԸ-ի ղեկավարությունն իրեն հեռացրել է եթերից: Նա այս որոշումը պայմանավորում է իր դավանած հայացքներով։
Վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին լրագրողը պատմել է, որ Հանրայինի առավոտյան հաղորդման մշտական աշխատող է, և մինչ օրս նրա պայմանագիրը խզված չէ, թեև իրեն հեռացրել են եթերից՝ պատճառի մասին բացատրություն չտալով։
Ըստ նրա պատմածի՝ առավոտյան հաղորդումը փակվել է մի քանի ամիս առաջ՝ իբր հեռուստաընկերության նոր շենք տեղափոխվելու պատճառով, և իրեն ու իր աշխատակիցներին տեղափոխել են ռադիոկայան՝ պայմանագրի լրացման հիման վրա:
Ջոբավան այս որոշումը պայմանավորում է քաղաքական դրդապատճառներով՝ կապված իր հասարակական դիրքորոշման հետ.
- Facebook-ում հրապարակային գրառումներում նա բացահայտորեն աջակցում է բանտարկված լրատվամիջոցների մենեջեր, «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին, որ համարվում է քաղբանտարկյալ իրավապաշտպանների, Եվրամիության և նրա անդամ մի քանի երկրների կառավարությունների կողմից:
- Աջակցում է հեռուստահաղորդավար Վասիլ Իվանով-Չիքովանիին, որ քննադատել է «Վրացական երազանք»-ի նկատմամբ հեռարձակողի հավատարիմ խմբագրական քաղաքականությունը և դրա համար հեռացվել է եթերից, իսկ մարտի 21-ին խորհրդի անդամները պահանջել են «գործը փոխանցել դատախազություն»:
Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) հոգաբարձուների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել մարտի 21-ին, խորհրդի անդամները քննարկել են ալիքի աշխատակիցների՝ Վասիլ Իվանով-ՉիՔովանիի, Նինո Զաուտաշվիլիի, Կախա Մելիքիձեի և Գիա Իմնաշվիլիի հարցը։ Հեռուստաալիքի իրավաբանը խորհրդի անդամներին ներկայացրել է համապարփակ զեկույց, որը ժամանակագրական առումով ուրվագծել է ալիքի լուրերի լուսաբանումը: