Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ հայտնի լրագրող, «Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանին մուտք գործել երկիր:
Հայտարարությունում նույն կոչով դիմում են նաև բելառուս լրագրող Անդրեյ Միալեշկայի համար՝ թույլատրելու անվտանգ մուտք գործել երկիր և աշխատել։
Կոմիտեն հայտարարությունում վերոնյաշ իրադարձությունների հետ կապված վկայակոչում է նաև լրագրող, CPJ-ի Եվրոպայի և Ասիայի գրասենյակների համակարգող Գուլնոզա Սաիդի արձագանքը․
«Մերժելով Անդրեյ Միալեշկայի և Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան անհասկանալի հիմքերով՝ վրացական իշխանությունները մտահոգիչ ազդանշան են ուղարկում բոլոր այն լրագրողներին, ովքեր ապաստան են գտել այդ երկրում»։
Սեպտեմբերի 16-ին Վրաստանի Քութայիսի քաղաքի օդանավակայանի սահմանապահները մեկ օրով պահել են լրագրող Միալեշկային, ով աշխատում է անկախ բելառուսական լրատվամիջոցների հետ, նրան և իր 11-ամյա դստերը թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան Լեհաստանից:
Դրան հաջորդեց սեպտեմբերի 17-ին Վրաստան Արսեն Խառատյանի մուտքի մերժումը։ Չորս ժամ պահելուց հետո Խառատյանին հետ են ուղարկել Լյուքսեմբուրգ։
CPJ-ն փոխանցում է, որ հարցում է ուղարկել Վրաստանի ՆԳՆ, սակայն դեռ պատասխան չի ստացել: