«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունն արձագանքել է նոյեմբերի 19-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի լուսաբանման ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններին։
CPJ-ն հայտնել է, որ տեղական իրավապաշտպան խմբերը փաստագրել են ոստիկանների հարձակումները կամ լրագրողների գործունեության խոչընդոտումը:
«Լրագրողների գործունեության բռնի խոչընդոտումն անընդունելի է և սպառնում է հանրային կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը։ Վրաստանի իշխանությունները պետք է շտապ հետաքննեն մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնության բոլոր դեպքերը և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սաիդը:
Կազմակերպության հայտարարության մեջ նշված են լրագրողների նկատմամբ բռնության և լուսաբանմանը խոչընդոտելու հետևյալ փաստերը.
- 5-6 ոստիկան բռնել են ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության օպերատորին և տարել ոստիկանական բաժանմունք;
- Երեք ոստիկաններ խոչընդոտել են «Publica»-ի թղթակցի աշխատանքը ցույցը ցրելու պահը լուսաբանելիս;
- Ոստիկանները կարճ ժամանակով առգրավել են OC Media-ի գլխավոր խմբագրի հեռախոսը` արգելակելով նրա աշխատանքը և այլն: