2024 թվականին լրագրողների նկատմամբ բռնության, ոտնձգության և ահաբեկման շուրջ 200 դեպք է գրանցվել` նշված է «Մեդիաների նկատմամբ բռնության դեպքերը և դրանց նկատմամբ պետության արձագանքը» վերտառությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տագնապալի զեկույցում:
Ըստ TI-ի՝ այդ դեպքերի 80 տոկոսը գրանցվել է հոկտեմբերի վերջից մինչ օրս. 2024 թվականին լրագրողների նկատմամբ հրապարակային բռնության դեպքերը գրեթե 5 անգամ գերազանցում են 2023 թվականի համանման ցուցանիշը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ն ընդգծել է՝ 2024 թվականը տագնապալի է տարբեր տեսակի բռնությունների և «Վրացական երազանք»-ին քննադատող լրատվամիջոցների գործունեությանը միջամտելու դեպքերի կտրուկ աճի առումով: Ըստ կազմակերպության՝ ուշագրավ են հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում եվրոպամետ ցույցերի լուսաբանման ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության փաստերը։
«Նոյեմբերի 28-ին՝ եվրոպամետ բողոքի ցույցերի սկզբից մինչ այսօր, հասարակական կազմակերպությունները գրանցել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման ավելի քան 90 դեպք, որոնց թվում են՝ դիտավորյալ հարձակում, ծանր ֆիզիկական վնասվածք, ապօրինի կալանավորում, տուգանքներ, ապօրինի միջամտություն լրագրողական գործունեությանը, տեխնիկայի դիտավորությամբ վնասում գազի, սփրեյի և ջրային շիթ արձակելու հետևանքով», գրել է TI-ը: