Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 5-ի դեպքերի առիթով դատական նիստը: Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Չախնաշվիլին հրապարակել է հուլիսի 5-ին Formula, Imedi, Tabula, «Ազատություն» ռադիոկայանի, Rustavi 2-ի լրագրողների և օպերատորների վրա բռնություն գործադրած մեղադրվող 7 անձանց դատավճիռները։
Նրանցից 6-ը դատապարտվել է ազատազրկման, մեկը՝ տուգանքի:
- Ռոմեո Կեկուտիա՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
- Գիորգի Կախիանի՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
- Գիորգի Նասկղիդաշվիլի՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
- Իլիա Քեբաձե՝ 1 տարի 2 ամիս ազատազրկում,
- Թեմուր Խարաուլի՝ 1 տարի 2 ամիս ազատազրկում,
- Զազա Մճեդլիձե՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում,
- Ուշանգի Դաթունաշվիլի՝ 5 հազար լարի տուգանք:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154-րդ (ապօրինի միջամտություն լրագրողի մասնագիտական գործունեությանը), 156-րդ (հալածանք), 225-րդ (կազմակերպված խմբակային բռնություններին մասնակցություն) հոդվածներով։
Նշենք նաև, որ TV Pirveli-ի մահացած օպերատոր՝ Ալեքսանդե Լաշքարավային ծեծի ենթարկելու առթիվ հուլիսի 5-6-ին տեղի ունեցած բռնությունների գործով ամբաստանյալներին (Դավիթ Կուտալաձե, Օթար Գելաշվիլի, Ցոտնե Չիխլաձե, Գիա Գիգուաշվիլի, Թորնիկե Դավլաշերիձե, Ակակի Նակաշիձե) դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման։ Թբիլիսիի քաղաքային դատարանում վճիռը հրապարակվել է ժամեր առաջ:
Հուլիսի 5-ի գործով լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է 27 քաղաքացի։ Առայժմ նրանցից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել:
Նշենք, որ հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 56 քաղաքացի, այդ թվում՝ 47 լրագրող։
Հիշեցնենք՝ Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր: