Վրաստանի խորհրդարանը «անվտանգ միջավայրի» նկատառումներով առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չի տա մասնակցել ապրիլի 19-ի լիագումար նիստին։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ այսօր կայանալիք նիստի ժամանակ խորհրդարանի պալատում կգործի «անվտանգության դեղին մակարդակ», ինչը նշանակում է, որ այցելուների մուտքը շենք կսահմանափակվի: «Սահմանափակումը չի տարածվի հեռուստատեսային հեռարձակողների/հեռուստամեդիա օբյեկտների հավատարմագրված լրագրողների վրա»,- ասված է հաղորդագրությունում։
Սահմանափակումներ մտցնելու համար խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին առանձին իրավական ակտ չի հրապարակել, նա առաջնորդվում է 2023 թվականի սեպտեմբերին ընդունված հրամանով, որը սահմանում է լրագրողների աշխատանքի կանոնները։
Խորհրդարանի նախագահի որոշմամբ՝ ապրիլի 19-ին նախատեսված խորհրդարանական միջոցառումներին, այդ թվում՝ հանձնաժողովների նիստերին, կընդունվեն միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձինք։ Ապրիլի 19-ին ժամը 12:00-ին նշանակված է գարնանային նստաշրջանի լիագումար նիստը։
Նույն «անվտանգության» նկատառումներից ելնելով, առցանց և տպագիր մամուլի լրագրողներին չեն թույլատրում աշխատել խորհրդարանում ապրիլի 15-ից՝ այն բանից հետո, երբ «գործակալների մասին» օրենքը վերադարձվել է օրենսդիր մարմնի քննարկմանը:
Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։