Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների, հայտարարել է, որ սատարում է քննադատական «Ֆորմուլա», «Մթավարի ախրի» և «TV Պիրվելի» հեռուստաընկերությունների (ՀԸ) որոշումը՝ ընդդիմանալու Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական էթիկայից զուրկ քարոզարշավին:
«Լրագրողական էթիկայի խարտիա»-ն Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովին (ComCom) կոչ է անում «չպարտադրել հեռարձակել իշխող կուսակցության նախընտրական տեսանյութը, որը կրկնում է Կրեմլի ուղերձները, վիրավորում է ինչպես ուկրաինացիների, այնպես էլ վրաց ժողովրդի արժանապատվությունը՝ խարխլելով այս երկու ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամությունը»։
«Փողոցում ցուցադրված նմանատիպ բովանդակությամբ նախընտրական պաստառները ցավ են պատճառել ուկրաինացի ժողովրդին և առաջացրել վրաց հասարակության միանգամայն արդարացված սրտի ցավը»,- նշված է խարտիայի հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 5-ին «Մթավարի արխի»-ն, «TV Պիրվելի»-ն և «Ֆորմուլա»-ն համատեղ հայտարարություն էին տարածել, որ «Վրացական երազանք»-ը պահանջում է հեռարձակել պաստառները։ Ըստ ՀԸ-ների՝ «չնայած սպասվող ծանր տուգանքներին, քննադատական ալիքները չեն պատրաստվում աջակցել «Վրացական երազանք»-ի ռուսական քարոզչությանը և ուկրաինացի ժողովրդի ծաղրանքին, հետևաբար՝ հրաժարվել են հեռարձակել Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող պաստառները։