Լրագրող Սադիգովն զգալի քաշի կորուստ ունի. օմբուդսմեն

Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ գրասենյակում աշխատող բժիշկը, փետրվարի 12-ին այցելել են Վրաստանում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին։ Բժիշկը ուսումնասիրել է բանտարկյալի բժշկական փաստաթղթերը։ Սադիգովը հացադուլի մեջ է արդեն 146 օր։

Օմբուդսմենի խոսքով, ըստ բժշկական փաստաթղթի՝ Սադիգովն ունի զգալի քաշի կորուստ, և, ըստ բժշկի՝ մնացած տվյալներն այս փուլում «վտանգավոր չեն, թեև չի կարելի բացառել անսպասելի բարդությունները»։

Հանրային պաշտպանի խոսքով, Սադիգովը առողջական վիճակի վատթարացման պատճառով մի քանի օր է՝ իր իսկ համաձայնությամբ, ստանում է համապատասխան բժշկական ծառայություններ. բայց դեռ հրաժարվում է քաղաքացիական կլինիկա տեղափոխվելուց։

«Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող բժիշկը Աֆգան Սադիգովին տեղեկատվություն է տրամադրել հացադուլի հնարավոր հետևանքների մասին։ Հանրային պաշտպանի գրասենյակին տրամադրվել է նաև նրա հայտարարություններին արձագանքման և իրավական այլ հարցերի մասին տեղեկություններ», — ասված է օմբուդսմենի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության քաղաքական հետապնդումների հետ։

Աֆգան Սադիգովի վիճակը ծայրահեղ ծանր է. SJC