Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Թարաշվիլին լրագրող Նիկոլոզ Կացիային կալանքի տակ է թողել. խափանման միջոցը փոխելու հարցը վերանայվել է այսօր՝ հունվարի 23-ի դատական նիստում։
Լրագրողը ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 7-ի երեկոյան, տաքսիով տնից հանրահավաք գնալիս։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում, քանի որ մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու համար»։
«Ամեն ինչ անհասկանալի է, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», — դատական նիստին ասել է Կացիան։
Փաստաբանը պնդել է մեղադրող կողմի ապացույցների անընդունելիությունը և միջնորդել է կարճել քրգործի վարույթը, քանի որ համարում է, որ խուզարկությունն իրականացվել է ապօրինի, չեզոք անձ ներկա չի եղել գործընթացին, խուզարկության գործընթացը չի նկարահանվել և այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, բացի խուզարկության ընթացքում առգրավվածից: Դատավորը մերժել է միջնորդությունը։
Մասնագիտությամբ լրագրող Կացիան երկար տարիներ թղթակից չի աշխատում. վերջերս նա համագործակցում էր ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի հետ և ներգրավված էր նրանց նախընտրական քարոզարշավի գործունեության մեջ:
Գործի քննությունը կշարունակվի փետրվարի 3-ի ժամը 11-ին։