Դատավոր Մանուչար Ցացուան լրագրող Նանուկա Ժորժոլիանիին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման համար և տուգանել 5000 լարիի չափով՝ հունվարի 3-ին ճանապարհն արհեստականորեն փակելու համար։
Նա մեղադրվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման համար։ Այս հոդվածը նախատեսում է 5000 լարի վարչական տուգանք կամ վարչական կալանք՝ մինչև 15 օր ժամկետով։
Դատական նիստին Ժորժոլիանին պահանջել է որակազրկել Ցացուային, եթե վերջինս ներկա է եղել հունվարի 12-ին «Բաբիլո» ռեստորանում դատավորների կորպորատիվ միջոցառմանը։ Դատավորը միջնորդությունը չի բավարարել։
Շուրջ երկու ամիս Վրաստանում շարունակաբար անցկացվում են եվրոպամետ բողոքի ակցիաներ՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։ Քաղաքացիները բողոքում են նաև «Վրացական երազանք»-ի 2024 թվականի նոյեմբերի 28-ին կայացրած որոշման դեմ, ըստ որի՝ առաջիկա չորս տարիների ընթացքում օրակարգում այլևս չի դրվելու Եվրամիությանն անդամակցության բանակցություններ սկսելու հարցը։
Վերջին երկու ամսվա ընթացքում ոստիկանությունը հարձակվել է բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցների, այդ թվում՝ ցույցը լուսաբանող լրագրողների վրա: Ոստիկաններից ոչ ոք մինչ օրս ձերբակալված չէ։
Նոյեմբերի 28-ից ոստիկանությունը քրեական օրենսդրությամբ ձերբակալել է 45, վարչական օրենսդրությամբ՝ ավելի քան 500 մարդու։