Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն մեկ ամիս է հացադուլ է հայտարարել։
Հոկտեմբերի 29-ին Սաակաշվիլին հայտնել էր, որ հրաժարվել է համագործակցել բժիշկների խորհրդի հետ։ Նա ասել էր, որ այլևս անալիզներ չի հանձնի և քաղցից ազատվելու բուժում չի ստանա։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, խոսելով Սաակաշվիլիի հացադուլի մասին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ մարդիկ իրավունք ունեն ինքնասպանության, և որ պետությունը չի կարող պատասխանատվություն կրել դրա համար։
Ղարիբաշվիլիին նաև ասել էր, որ բանտային հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները, և այս որոշումը «չի վերանայվի»։
Սաակաշվիլիի վիճակի մասին օրեր առաջ ահազանգել էին նաև մի շարք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, որում մասնավորապես նրանք պահանջում էին, որ կառավարությունը լուծի Սաակաշվիլիի հոսպիտալացման հարցը ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ միայն մարդու իրավունքների, առողջության պաշտպանության բարձր մակարդակով։
Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն էլ հայտարարել է, թե այս փուլում Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիական կլինիկա տեղափոխվելու կարիք չունի, միևնույն ժամանակ նշել, որ բանտային հիվանդանոցը բավարարում է Սաակաշվիլիի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Նախկին նախագահի բժիշկն ու փաստաբանները խնդրել էին Սաակաշվիլիին տեղափոխել պատշաճ կահավորված քաղաքացիական կլինիկա։ Նրանց խոսքով՝ քրեակատարողական ծառայության 18-րդ բուժհաստատությունը համալրված չէ այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են Սաակաշվիլիի առողջության մոնիտորինգի և բուժման համար։
Ըստ երրորդ նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեի, Սահակաշվիլին կտրականապես դեմ է Գլդանիի բանտում բուժմանը։ Բժշկի խոսքով՝ խորհուրդը համաձայն է, որ անհրաժեշտության դեպքում նախկին նախագահին տեղափոխեն բազմապրոֆիլ, բարձրակարգ կլինիկա։
Հանրային պաշտպանի կարծիքով էլ՝ բանտային հիվանդանոցը լիովին չի կատարում բժիշկների խորհրդի առաջարկությունները, և միևնույն ժամանակ նախկին նախագահի անվտանգության համար վտանգներ կան։
Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր